կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրախորհրդարանում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ լսումներ են անցկացվել

Եվրախորհրդարանում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ լսումներ են անցկացվել

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և ԵՄ քաղաքականությանը Բաքվի միջամտության թեմաները քննարկվել են փետրվարի 7-ին՝ Եվրախորհրդարանի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի և Եվրամիության ժողովրդավարական գործընթացներին արտաքին միջամտության հատուկ հանձնաժողովի համատեղ նիստում:

 Լսումները նախագահել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Բեռնարդ Կետտան:
 
Ժողովրդավարություն՝ հանուն Ադրբեջանի շարժման ներկայացւոցիչ, ԵՄ-ում և Եվրախորհրդում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը նշել է, որ եվրոպական կառույցները հաճախ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի վրա աչք են փակում։ 
 
Նա հիշեցրել է Ադրբեջանի հետ կապված սկանդալները: Մամեդովը նշել է, որ ԵԽԽՎ-ում անցկացված հետաքննությունը, բացի Բաքվի հետ կոռուպցիոն կապեր ունեցած պատգամավոր Լուկա Վոլոնտեի քրեական հետապնդումից, այլ լուրջ արդյունք չի տվել։
 
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին, Արևելյան գործընկերությանն Ադրբեջանի անդամակցության տրամաբանությանը, իրավունքների վիճակը բարելավելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար պաշտոնական Բաքվի վրա ճնշում գործադրելու հնարավոր միջոցներին։
 
Լսումների մասնակիցները կոչ են արել ԵՄ-ին՝ 2 միլիարդ եվրոյի չափով օգնություն չհատկացնել Ադրբեջանին՝ ֆինանսական միջոցների օգտագործման թափանցիկության բացակայության պատճառով։
 
Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կնքված նոր համաձայնագիրն առաջին պլան է մղելու էներգետիկ խնդիրները։

  • Կիսվել: