շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե ֆունդամենտալ լուծում չգտնենք, ճգնաժամային կառավարման պետք է անցնենք․ Ավինյան

Եթե ֆունդամենտալ լուծում չգտնենք, ճգնաժամային կառավարման պետք է անցնենք․ Ավինյան

Երևան քաղաքին հատկացվող դոտացիան մոտ 5 մլրդ դրամով նվազեցվում է, 13 մլրդ 430 մլն-ից դառնում է 8 մլրդ 436 մլն դրամ: Էականորեն նվազեցվում են սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևան քաղաքին: ԱԺ-ում 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ Երևան քաղաքն այս տարի իրականացնում է մոտ 10 մլրդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրեր, որոնք առաջարկվում է բյուջեի նախագծում չներառել:

Քաղաքապետը համոզված է, որ դոտացիաները պետք է տրամադրվեն Երևանից ավելի հեռու գտնվող համայնքներին:

«Բայց այս տրամաբանությամբ կստացվի, որ Երևան քաղաքը, ունենալով Հայաստանի տնտեսական պոտենցիալի մոտ 50-60 տոկոսը, բնակչության 40 տոկոսից ավելին, ստանում է ընդհանուր դոտացիաների ընդամենը 10 տոկոսը: Նախկինում գրեթե բոլոր տարիներին Երևանին տրամադրվել էին սուբվենցիաներ, որոնք ուղղվել էին մասնավորապես Երևանի էլեկտրատրանսպորտի սուբսիդավորմանը, Երևան քաղաքում ասֆալտի ընթացիկ նորոգման, ճաքալցման աշխատանքներին, հիմա մոտավորապես 3 մլրդ այդտեղ է կրճատվել: Կրճատվել է մոտավորապես 2.4 մլրդ լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար: Այս պարագայում, եթե համեմատենք 2023 թ. բյուջեի հետ, եթե չենք հաշվում սեփական եկամուտների աճը, որի վրա մենք ինտենսիվորեն շարունակում ենք աշխատել, եթե մենք ֆունդամենտալ լուծում չգտնենք այս հատվածում, մենք որոշակի ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք, որովհետև խոսքը փոքր գումարի մասին չէ»,- ասաց նա:

Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանի առաջարկած լուծումը հետևյալն է. «ԱԺ-ն ընդունել է օրենք՝ համաձայն որի Երևանի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև Երևանի տարածքում գանձվող եկամտային հարկից մասհանումները, Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումները և բնապահպանական վճարներից մասհանումները: Այս տողերով նախկինում ունեցել ենք 0 գործակից»:

  • Կիսվել: