կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե երեխաներին նույնականացնելն ինքնին անհրաժեշտ չէ հրապարակման նպատակին հասնելու համար, ապա նկարները պետք է հրապարակել ապանձնավորված

Եթե երեխաներին նույնականացնելն ինքնին անհրաժեշտ չէ հրապարակման նպատակին հասնելու համար, ապա նկարները պետք է հրապարակել ապանձնավորված

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն անդրադարձել է «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումներին, որոնցում, ի թիվս այլնի, հրապարակվել են երեխաների զգայուն անձնական տվյալներ (առողջական վիճակի մասին տվյալներ, կենսաչափական տվյալներ՝ լուսանկար):

«Հրապարակումներն ըստ էության ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց՝ անչափահասների, իրավունքների վերականգնմանն ու խտրականության բացառմանը, ինչն ինքնին անձնական տվյալների մշակման օրինական և կոնկրետ նպատակ է:

Գործակալությունը հարկ է համարում ընդգծել, որ նմանօրինակ հրապարակումներ անելիս հարկավոր է ուշադրություն դարձնել տվյալների մշակման համաչափյության սկզբունքին: Այստեղ կարևոր է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք սահմանված նպատակին լրատվամիջոցը կամ օգտատերը չէր կարող հասնել առանց լուսանկարի հրապարակման: Եվ եթե երեխաներին նույնականացնելն ինքնին անհրաժեշտ չէ հրապարակման նպատակին հասնելու համար, ապա նկարները պետք է հրապարակել ապանձնավորված:

Միաժամանակ, մեր ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ երեխաների լուսանկարն ի սկզբանե բաց ռեժիմով հրապարակել է նրանցից մեկի օրինական ներկայացուցիչը, որից հետո այն արտատպվել է լրատվամիջոցում:

Հաշվի առվելով վերոգրյալը՝ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեխաների մասին հրապարակումներ անելիս անհրաժեշտ է առաջնորդվել երեխայի լավագույն շահի սկզբունքով: Երեխայի լավագույն շահի սկզբունքի էությունն է ապահովել երեխայի ֆիզիկական, հոգեբանական և բարոյական առողջ զարգացումը, այլ կերպ ասած՝ նպաստել երեխայի անհատականության բնականոն զարգացմանը: Երեխայի անձնական տվյալների պաշտպանությունն ինքնին բխում է երեխայի լավագույն շահի սկզբունքից, սակայն, երբեմն երեխայի լավագույն շահը և նրա անձնական տվյալների պաշտպանությունը կարող են միմյանց հակադրվել: Այս դեպքում նախապատվությունը տրվում է երեխայի լավագույն շահին»:

 

  • Կիսվել: