ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եսայան եղբայրները գնում են «Բիլայնը»

Եսայան եղբայրները գնում են «Բիլայնը»

«Յուքոմ» ընկերության փոքր բաժնետեր Եսայան եղբայրները մտադիր են գնել «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը։ «Վեոն Արմենիան» այսօր՝ հունիսի 8-ին, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այս հարցով։ Տեղեկությունը Սիվիլնեթի հետ զրույցում հաստատեց Հայկ և Ալեքսանդր Եսայաններին պատկանող «Թիմ»-ի բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։ 

«Իրականություն է դա, ըստ ընթացակարգի վաճառող կազմակերպությունը դիմում է ՏՄՊՊՀ (Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով)  և ՀԾԿՀ (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով), «Թիմ» ՍՊԸ-ն իր կողմից է դիմել է ՏՄՊՊՀ՝ գնման թույլտվության համար»,- հայտնեց Բարսեղյանը։ 

Սիվիլնեթի տեղեկություններով՝ գործարքի նախաստորագրումն արդեն կատարվել է։ Եսայանները «Բիլայնը» ձեռք բերելու համար ամբողջությամբ վարկային միջոցներ են ներգրավել։ 

«Վեոն»-ի պաշտոնական կայքը նույնպես հայտնում է այն մասին, որ հայաստանյան «Թիմ» ընկերության հետ քննարկումներ են սկսվել՝ հնարավոր վաճառքի շուրջ՝ շեշտելով, սակայն, որ քննարկումները անպայման չէ, որ պետք է ավարտվեն վաճառքով։

Հայկ և Ալեքսանդր Եսայանները հեռահաղորդակցության ոլորտի խոշոր խաղացողներից մեկի՝ «Յուքոմի» բաժնետերեր են (6 տոկոս)։ Հայկ Եսայանը նաև ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն ապրիլի 10-ին ընկերության տնօրինությունը նրա գլխավորությամբ հրաժարական ներկայացրեց՝ խոշոր բաժնետերերի հետ սկիզբ առած հակասությունների պատճառով։ Եղբայրները հիմնեցին «Թիմ» ՍՊԸ-ն, որտեղ հավասարապես կիսում են բաժնեմասերը։ 

  • Կիսվել: