ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ես շատ եմ ցանկանում, որ մեր պաշտոնյաներն ավելի ճկուն լինեն. Հասմիկ Պապյան

Ես շատ եմ ցանկանում, որ մեր պաշտոնյաներն ավելի ճկուն լինեն. Հասմիկ Պապյան

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն իր ֆեսյբուքյան էջում գրառում է արել Օպերային թատրոն իր մուտքն արգելելու հետ կապված «միջադեպի» մասին: Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր թյուրըմբռնել էին «Առավոտ»-ի այսօրվա անդրադարձը իմ օպերային թատրոն մուտքն արգելելու «միջադեպի» մասին: Նախ ասեմ, որ ես չեմ ներկայացել, թե ով եմ, որպեսզի իմ հանդեպ հատուկ ուշադրություն հրավիրվի: Ես պարզապես խնդրել եմ՝ որպես կին, որպես համերգի մասնակից թույլ տալ ինձ ծանր բեռը ձեռքիս, խուսափել թատրոնի շենքը շրջանցելուց, քանի որ կես ժամ հետո բեմ պետք է բարձրանամ: Ինձ մերժել են պատճառաբանելով, որ հրավիրատոմս չունեմ, ուրեմն արտոնված չեմ՝ առանց անդրադառնալու, որ իմ այդ օրվա ներկայությունը թատրոնում ավելին էր, քան հրավիրատոմսը: Իմ տարակուսանքը և հուսահատությունը այն է, որ մենք դեռևս մնացել ենք «не положено, закон не позволяет и всё...»-ի դարաշրջանում: Խնդրում եմ չքաղաքականացնել իմ դիտարկումը, ես շատ եմ ցանկանում, որպեսզի մեր պաշտոնյաները ավելի ճկուն լինեն և կարողանան կողմնորոշվել ըստ իրավիճակի: Եթե հնարավորություն ընձեռվեր, սիրով կհրավիրեի բանավեճ այս և այլ թեմաների շուրջ»:

Նշենք, որ «Առավոտը» գրել էր, որ «օպերային ճանաչված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը պետք է երգեր ԵՊՀ 100-ամյակին նվիրված տոնական համերգին, սակայն բեմական հագուստը ձեռքին՝ չի կարողացել ներս մտնել Օպերային թատրոնի գլխավոր մուտքով»:


  • Կիսվել: