ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ես փախնող չեմ, փախնողին բռնող եմ․ Վլադիմիր Գասպարյան

Ես փախնող չեմ, փախնողին բռնող եմ․ Վլադիմիր Գասպարյան

Հակակոռուպցիոն դատարանում oգոստոսի 4-ին մեկնարկեց Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ փողերի լվացման մեղադրանքով գործի քննությունը։ Պետությունը Գասպարյանից պահանջում է ավելի քան 36 մլն դրամ գումար բռնագանձել։ Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանի կինն ու ընտանիքի անդամները տարբեր տարիների աշխատանքի են անցել իր իսկ ղեկավարած կառույցներում, չեն հաճախել աշխատավայր, սակայն գումար են ստացել։ Նիստի սկզբին մեղադրյալը դեմ եղավ, որ դատաքննությունը տեսագրվի կամ լուսանկարահանվի, քանի որ, ինչպես ինքը ձևակերպեց, «այս հարցում ակտուալությունը արդեն կորել է»։ Գրում է Civilnet.am-ը։

Դատական նիստին քննարկվեց Գասպարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ երկրից բացակայության արգելքը նույնը թողելու կամ վերացնելու հարցը։ Հանրային մեղադրողները կարծիք հայտնեցին, որ խափանման միջոցը պետք է մնա նույնը, իսկ պաշտպանական կողմը միջնորդեց վերացնել այս խափանման միջոցը՝ պատճառաբանելով, որ Գասպարյանը ամբողջ նախաքննության ընթացքում փախուստի չի դիմել ու գտնվել է իրավապահների տեսադաշտում։

Վլադիմիր Գասպարյանն էլ հայտնեց, որ նպատակ ունի արտերկրում բուժում ստանալ, սակայն կիրառված խափանման միջոցը խոչընդոտում է։

«Ես նույնիսկ մարտի դաշտում չեմ փախել, ուր մնաց քննությունից փախնեմ։ Հետո ես փախնող չեմ, փախնողին բռնող եմ եղել։ Եթե ես ուզենայի այս երկրից դուրս գալ, ոչ մի ոստիկան ինձ չէր կարող գտնել նույնիսկ»,- նշեց Գասպարյանը և հավելեց, որ ինքը առողջական խնդիրներ ունի։ Նրա խոսքով՝ նախկինում փորձել է Գերմանիա գնալ, սակայն մերժվել է. «Գերմանիայի դեսպանությունն ասաց՝ Դուք վտանգ են ներկայացնում եվրոպական համայնքի համար (այս պատասխանը Գասպարյանը ռուսերեն արտաբերեց), էտ էլ՝ ռուսամետ եմ, դրա համար»,- նշեց նախկին ոստիկանապետը՝ հավելելով, որ դրանից հետո ունեցավ առողջական լրջագույն խնդիրներ։

Այնուհետև նա պատմեց, որ Վրաստանում իրեն առաջարկել են բուժում անցնել։ Ըստ Գասպարյանի՝ գերմանացի բժիշկները պարբերաբար կարճ այցեր են ունենում հարևան երկիր, հետազոտություններ իրականացնում ու հեռանում, ինքը ևս ցանկանում է գնալ ու ստուգվել. «Որ չգնամ, չեմ մեռնի, ես մեռնողը չեմ, բայց որ գնայի՝ լավ կլիներ։ Իմ վրա կասկածել, որ ես կարող եմ փախնել, կներեք, բայց անբարոյականություն է», – նշեց Գասպարյանը [վերջինիս խոսքն ուղիղ է՝ առանց խմբագրման – ՍիվիլՆեթ]։

Հանրային մեղադրող Արմեն Մուրադյանը առարկեց խափանման միջոցի վերացման մասով։ Նա Գասպարյանին հորդորեց վիրավորական բառեր չօգտագործել կողմերի նկատմամբ։ Դատարանն էլ խափանման միջոցը թողեց անփոփոխ։

Այս գործով դատական նիստի հենց մեկնարկին հանրային մեղադրող Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանի քավորն է, սակայն պնդեց՝ այդ հանգամանքը որևէ կերպ չի խանգարում իրեն իր գործառույթներն իրականացնել։

Ընդհանուր առմամբ, նիստին հատկապես հանրային այս մեղադրողն ու Գասպարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տարբեր հարցերի շուրջ բանավիճում էին, ընդհուպ՝ իրար մեղադրում որոշ թերացումներ կատարելու համար, արդյունքում Գասպարյանը որոշեց «խառնվել»։

«Ես չէի ցանկանա, որ ձեր քավոր-սանիկությունը իմ երեսից տուժի»,- ասաց նա։

Այսօրվա նիստին պաշտպանական կողմը նաև միջնորդեց, որ գործը կարճվի, քանի որ «միևնույն գործողությունների շրջանակում 4-5 տարբեր դատական գործընթացներում է Գասպարյանը ներգրավված»։ Ըստ կողմի՝ այս գործը պետք է քննվեր քաղաքացիաիրավական շրջանակներում, ոչ թե քրեական։ Դատարանն այս միջնորդությունը ևս մերժեց։

Նիստի ավարտին հանրային մեղադրողը ներկայացրեց գույքային հայցը, ըստ որի՝ Գասպարյանը նախ զբաղեցնելով պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի, այնուհետև՝ նախարարի տեղակալի, ոստիկանապետի պաշտոնները, աշխատանքի է գրանցել իր ընտանիքի անդամներին, որոնք աշխատավարձ են ստացել, բայց չեն հաճախել աշխատանքի։

Առաջին դեպքով, ըստ հանրային մեղադրանքի, Սուսաննա Սարդարյանը, որը ըստ պնդումների, Գասպարյանի հետ այդ ժամանակ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել (թեև պաշտպանական կողմը առարկում է՝ ասելով, որ այդ պահին նրանք ամուսնացած չեն եղել), 17 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել, բայց աշխատանքի չի եկել։ Երկրորդ դրվագով մեղսագրվում է արարք պաշտոնական դիրքի չարաշահման համար, որի արդյունքում Գասպարյանի ընտանիքի անդամներն իրենց պարտականությունները ոստիկանությունում ոչ պատշաճ կատարելու պայմաններում բյուջեից տարիների ընթացքում ստացել են անաշխատ եկամուտներ։ Այս դեպքով վճարվել է 15,4 մլն դրամ։

Մեղադրողը միջնորդեց գործն ընդունել վարույթ ու քննել դատարանում, Վլադիմիր Գասպարյանին ճանաչել գույքային պատասխանող ու հօգուտ ՀՀ պետական բյուջեի նրանից բռնագանձել ավելի քան 36 մլն դրամ գումար։

Դատարանը բավարարեց միջնորդությունը, նիստը ընդմիջվեց, որպեսզի նախկին ոստիկանապետը ժամանակ ունենա գործի նյութերին ծանոթանալու համար։

Նիստի ընթացքում Գասպարյանի օգնականը նրան դեղեր փոխանցեց, այնուհետև փաստաբանների միջոցով նախկին ոստիկանապետը ընդմիջում խնդրեց՝ ճնշումը չափելու նպատակով։ Չափելուց հետո էլ ասաց, որ բարձր է. «Եղանակի հետ կապված է, տատանումներ են լինում։ Իմ նմանները սենց բաների չեն նայում։ Մինչև 200 բարձրանում է»։

Ընդիմջմանը կողմերինն ջուր էր հյուրասիրում դատավորը։ Մինչ Գասպարյանը նորից ճնշումն էր չափում, կողմերը սկսեցին եղանակից խոոսել՝ հույս հայտնելով, որ այսօր հով կլինի։

  • Կիսվել: