կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ես ո՛չ հանրապետության նախագահն եմ, ո՛չ վարչապետը, որ հրաժարական եք պահանջում․ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը՝ վարորդներին

Ես ո՛չ հանրապետության նախագահն եմ, ո՛չ վարչապետը, որ հրաժարական եք պահանջում․ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը՝ վարորդներին

Մի խումբ վարորդներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով չեղարկել ԱՊՊԱ-ի տարեկան վճարի՝ 3000 դրամով ավելացման որոշումը։ 

«ԱՊՊԱ ոլորտի թանկացումները պայմանավորված են տվյալ ծառայության ինքնարժեքով, որի հիմնական մասը հատուցումներն են։ Հատուցումների ծավալն աճել է վերանորոգումների, պահեստամասերի գների աճի որոշ կարգավորումների արդյունքով, որի պատճառով երբևէ չվերանայված սակագներն արդեն համարժեք չեն եղել՝ ապահովելու հատուցումները»,- ակցիայի մասնակիցներին ասաց Վաղինակ Եղիազարյանը։

Վարորդներից մեկի դիտարկմանն էլ, որ եթե հաշվի են առել, օրինակ, պահեստամասերի թանկացումները, ինչու՞ ոչ մի կերպ չեն դիտարկել նաև քաղաքացու շահերը։ «Տպավորություն է, որ ամեն ինչ կատարվել է միակողմանի, ոչ մի կերպ վարորդի շահերը չեն պաշտպանվել»,-ասաց վարորդը։

Եղիազարյանն արձագանքեց՝ եթե հատուցումների արժեքներն ավելանում են, սակայն սակագինը մնում է նույնը, շահերը հաշվի առնելու ի՞նչ տարբերակ կար, ինչ-որ տեղից պետք է գումար ավելացվեր։ Բյուրոյի գործադիր տնօրենն ընդգծեց՝ քաղաքական որոշում չի կայացվել և չէր էլ կարող կայացվել, եղել է կոնկրետ որոշում՝ հիմնված հաշվարկի վրա։

Վարորդներից մեկը հայտարարեց, թե մի խումբ վարորդների անունից, անվսատահության հիմքով պահանջում են Եղիազարյանի հրաժարականը, ինչին վերջինս արձագանքեց․

«Բյուրոյի որոշումն ընդունվում է խորհրդի կողմից, որտեղ կան հասարակական կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ԿԲ ներկայացուցիչ։ Որոշումները քննարկվում են։ Դուք էլ որ հրաժարական եք պահանջում, ես ո՛չ հանրապետության նախագահն եմ, ո՛չ էլ վարչապետն եմ․ լավ եք անում՝ պահանջում եք, իսկ դուք այլ կազմակերպությունների տնօրենների հրաժարական պահանջու՞մ եք»,-ասաց նա։

  • Կիսվել: