երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ես ինձ շատ վատ եմ զգում, անկողնուց ելել, եկել եմ». Ռազմիկ Աբրահամյանը եկավ դատարան. «Հետք»

«Ես ինձ շատ վատ եմ զգում, անկողնուց ելել, եկել եմ». Ռազմիկ Աբրահամյանը եկավ դատարան. «Հետք»

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն, ով մեղադրյալ է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով, րոպեներ առաջ եկավ դատարան: Այս մասին գրում է «Հետքը»:

Աղբյուրը նշում է, որ իր հարցին՝ Աբրահամյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունո՞ւմ է, վերջինս հստակ չպատասխանեց, խոսեց իր առողջական վիճակի մասին:

«Ես ինձ շատ վատ եմ զգում»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Հարցին՝ առողջական խնդիրնե՞ր ունի, Աբրահամյամը պատասխանեց, որ առողջական շատ խնդիրներ ունի:

«Անկողնուց վեր եմ կացել, եկել դատարան, և ծննդատները որևէ առնչություն չունեն այս հարցի հետ»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը:

Ճշտող հարցին՝ այսինքն Աբրահամյանը չի՞ ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, վերջինս չպատասխանեց:

Նշենք, որ այսօր, ժամը 14:00-ին նշանակված է Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական նիստ:

Նա, ինչպես նաև երեք այլ անձինք դեկտեմբերի 18-ին ձերբակալվել են Քննչական կոմիտեում քննվող վերը նշված քրեական գործի շրջանակներում, ապա դեկտեմբերի 19-ին դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, ոչ իրավաչափ է ճանաչել Աբրահամյանի ձերբակալման որոշումն, ու Աբրահամյանն ազատ է արձակվել:

Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

76-ամյա Աբրահամյանին կալամավորելու միջնորդությունը ևս քննում է դատավոր Դավիթ Բալայանը:

  • Կիսվել: