երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էս երեխեքը 3 ամիս փախեփախ թուրքերի մեջ մնացել են, հիմա եկել իրենցից հաշիվ եք պահանջո՞ւմ. դատավորը՝ զոհվածի հորը

Էս երեխեքը 3 ամիս փախեփախ թուրքերի մեջ մնացել են, հիմա եկել իրենցից հաշիվ եք պահանջո՞ւմ. դատավորը՝ զոհվածի հորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ օգոստոսի 11-ին, 44-օրյա պատերազմին մարտադաշն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող հրամանատար Վահան Իշխանյանի գործով դատական նիստին հարցաքննվում են գործով տուժողներ Արթուր Հարությունյանը և Հարություն Հարությունյանը:

Զոհված զինծառայողի հայրը հարց ուղղեց Արթուր Հարությունյանին թե քանի՞ հոգով են եղել, երբ ընկել են շրջափակման մեջ, տուժողն ասաց՝ 21:

Հարցին՝ արդյո՞ք նա ճանաչում էր զինծառայողներին, Արթուր Հարությունյանն ասաց՝ այո:

Զոհվածի հայրը հայտարարեց դատարանում, որ պատերազմից հետո երբ Արցախում տեսել է Արթուրին, նրան ցույց է տվել որդու լուսանկարը, սակայն Արթուրն ասել է, թե չի ճանաչում:

Արթուր Հարությունյանն արձագանքեց, որ այդ ընթացքում իրեն բազմաթիվ լուսանկարներ են ցույց տվել և գուցե խճճվել է:

Դատավորը միջամտեց հարցուպատասխանին՝ հանդիմանելով զոհվածի հորը.

«Ի՞նչ կապ ունի: Մարդիկ 3 ամիս անտառներում մնացել են, հիմա հելնենք էս շոգին մի ժամ կանգնեք, մեր նկարները չեք ճանաչի, 3 ամիս փախեփախ թուրքերի մեջ մնացել են: 3 ամիս հաց չեն կերել էս երեխեքը, հիմա եկել իրենցից հաշիվ եք պահանջո՞ւմ: Սթրեսային վիճակի մեջ են եղել, որտեղի՞ց ճանաչեն»:

Զոհվածի հայրն արձագանքեց. «Ես իրենց փրկել եմ, բայց իրենք իմ երեխուն չփրկեցին»:

Զոհվածի մայրը միջամտեց, նշելով, որ զինծառայողների այդ խումբն ավելի շուտ է դուրս եկել շրջափակումից, իմանալով, որ այնտեղ իրենց համածառայակիցներն են, չեն գնացել օգնության:

Տուժողը պարզաբանեց, որ իրենց խումբը նոյեմբերի 5-ին բաժանվել է, իրենք եղել են 6 հոգով, այդպիսով մյուս զինծառայողների հետ կապ չեն ունեցել.

«Բնականաբար կուզեի օգնել, եթե կարողանայի, ինչքան ինֆորմացիա ունեցել, տվել եմ»:

Ըստ մեղադրանքի՝ Իշխան Վահանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը:

5-րդ գումարտակի անձնակազմը մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:

Իշխան Արմենի Վահանյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով:

  • Կիսվել: