ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երկարաձգվել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման համար հասարակական տարածք ապահովելու ժամկետը. ԿԳՄՍՆ

Երկարաձգվել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման համար հասարակական տարածք ապահովելու ժամկետը. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել «Կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» կարգում:

Որոշման ընդունման նպատակն է լիցենզավորման կարգում նախադպրոցական հաստատությունների ուսումնական գործունեության համար հասարակական նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջը հետաձգել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը:

Մինչ այդ ընկերությունները կարող են լիցենզավորման պարտադիր գործընթաց անցնել ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի նշանակության տարածքներում գործունեության համար՝ ներկայացնելով նախադպրոցական կրթական ծրագրի կամ ծառայության իրականացման նպատակով պահանջվող փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ նախադպրոցական ծառայություններ, այլընտրանքային ու հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները լիցենզավորվելու նպատակով պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն ԿԳՄՍ նախարարի՝ 2022 թ. դեկտեմբերի 9-ի 81-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան ծրագիր, որի՝ փորձաքննությամբ հաստատվելուց հետո ՀՀ կառավարության 808-Ն որոշմամբ հաստատված փաստաթղթերի փաթեթը ներկայացնելով՝ դիմեն լիցենզավորման համար: Փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային և թղթային տարբերակներով:  Փորձաքննության ներկայացվող ծրագրի լեզուն հայերենն է:

Այն կազմակերպությունները, որոնք մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը ծրագրի կամ լիցենզիայի հայտ կներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն, կհամարվեն լիցենզավորման գործընթացի մեջ:

  • Կիսվել: