չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա. Անահիտ Մանասյան

Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա. Անահիտ Մանասյան

Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա։ Այս մասին Երիտասարդության միջազգային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ուղերձում ասվում է. ««Սիրելի՛ երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։

Յուրաքանչյուր երիտասարդ պետք է կրթվելու և սեփական կարծիքն ազատ արտահայտելու պատշաճ հնարավորություն ունենա։ Այդ իրավունքների լիարժեք իրացման համար պետությունն ու հասարակությունը պետք է ստեղծեն հավասար, արդար, անվտանգ և ներառական միջավայր։

Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա։ Նրանց մասնակցությունը հանրային կյանքին, քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներին պետք է լինի իրական։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ այս կարևոր նպատակին է նաև միտված  իմ նախաձեռնությամբ իրականացվող` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին անմիջականորեն ծանոթանալու ՄԻՊ գործունեությանը, տարբեր ոլորտներում առկա մարտահրավերներին, դառնալու փոփոխությունների շարժիչ ուժ։

Առանձնակի կարևորում եմ նաև ՄԻՊ առընթեր խորհուրդների կազմում երիտասարդների ներգրավվածությունը, ինձ հետ բարձր մակարդակի միջազգային այցերին, տարբեր համաժողովներին նրանց մասնակցությունը, իրենց կողմից խնդիրների ներկայացումը և լուծումներին նպաստելը։

Սիրելի՛ երիտասարդներ,

Համոզված եմ՝ Ձեր ներուժի լիարժեք բացահայտումը պետության ժողովրդավարական, սոցիալական և տնտեսական առաջընթացի կարևոր նախապայմանն է։ 

Մաղթում եմ, որ երբեք չկորցնեք սովորելու, ստեղծելու, խնդիրներ վերհանելու և առողջ հասարակություն կառուցելու ձգտումը։ Թող Ձեր գաղափարները վերածվեն  իրական փոփոխությունների։

Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը»։

  • Կիսվել: