երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երևանը երկրաշարժերին այնքան էլ պատրաստ քաղաք չէ. Մկրտիչ Մինասյան

Երևանը երկրաշարժերին այնքան էլ պատրաստ քաղաք չէ. Մկրտիչ Մինասյան

Երևանը երկրաշարժերին այնքան էլ պատրաստ քաղաք չէ, ԽՍՀՄ տարիներին կառուցված բնակելի շենքերը 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժերին դիմակայելու համար են։ Այս մասին Lragir.am-ի հետ զրուցում ասաց Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը։

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն օրերս տեղի ունեցած երկարաշարժից հետո հայտարարել էր, որ Երևանի նորակառույց շենքերը 9 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժին դիմակայելու նորմերով են կառուցված։ Իսկ ԽՍՀՄ տարիներին սեյսմիկ վտանգը թերագնահատված էր, 9-10 բալի համար պետք է կառուցվեին շենքերը, բայց կառուցվում էին 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժերի համար։ Հետևաբար, ուժեղ երկրաշարժերի դեպքում այդ շենքերը վտանգի տակ են:

Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ Երևանում սովետական շրջանում հատուկ նշանակության շենքերն ավելի որակով ու բարձր չափանիշներով էին կառուցվում, իսկ բնակելի շենքերը 7 բալի նորմերով են կառուցվել։ «Այդ բնակելի շենքերի մեջ էլ կան այնպիսիները, որոնք ցուցակագրված են՝ որպես վթարային շենքեր։ Այդ շենքերը կամ պետք է ամրացվեն, կամ հանվեն շահագործումից։ Անհրաժեշտություն կա, որ վթարային շենքերի նոր ցուցակագրում ու վերջնական ճշտումներ արվեն, որպեսզի, այսպես ասած, ամեն մեկին դեղատոմս նշանակեն»,- ասաց նա։

Ըստ Մինասյանի՝ ԽՍՀՄ տարիներին հաշվարկել էին, որ ամեն բալի բարձրացման դեպքում շենքի ինքնարժեքը շատ թանկ էր լինում։ «Այսինքն՝ հաշվարկել էին, որ եթե լավ կառուցեն, 7-8 բալի կդիմանան շենքերը։ Բայց ամեն բալի դեպքում յուրաքանչյուր հաջորդ բալը մեծ ֆինանսական ծախսեր էր ենթադրում։ Եվ քանի որ միակ պատվիրատուն պետությունն էր, այդ ամբողջ ծանրությունն ընկնում էր պետության վրա»,- նշեց մասնագետը։

Ինչ վերաբերում է այսօր Երևանում ընթացող շինարարությանը, նրա խոսքով, հաշվի առնելով Սպիտակի երկարաշարժի դառը փորձը, սեյսմիկ վտանգավոր գոտիներում ընդհանրապես չի թույլատվում շենքեր կառուցել, և բնակելի շենքերը կառուցվում են մինչև 9 բալ երկարաշարժադիմացկուն կոնստրուկցիաներով։

«Հիմա շատ լավ կոնստրուկցիաներ են արվում՝ միաձույլ երկաթբետոնե։ Եթե ԽՍՀՄ ժամանակ հավաքովի երկաթբետոնով էին շինարարությունն իրականացնում, որոնք երկարաշարժադիմացկուն չեն, հիմա արվում է միաձույլ երկաթբետոնից։ Եվ ապահովությունը շատ մեծ է։ Այսօր մեկ թերություն ունենք՝ չափից դուրս խիտ կառուցապատում է գնում Երևանում։ Եվ եթե շենքի կմախքը կանգուն է, բայց դետալները լավ չեն ամրացվում, փլուզումները կարող են բերել նրան, որ չկարողանան ժամանակին տարհանել այդ ժողովրդին»,- ասաց Մինասյանը։

Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ Երևանը երկրաշարժերին այնքան էլ պատրաստ չէ, որովհետև պետք է ամենօրյա ուշադրություն լիներ այդ հարցին։ «Այդ շենքերը, որոնք ԽՍՀՄ-ում կառուցվում էին, դրանք իրենց ամբողջ ռեսուրսները կորցրել են ի հաշիվ նրա, որ անընդհատ հոգատարությամբ չեն վերաբերվել դրանց։ Այդ շենքերի նկուղային հարկերը անբարվոք վիճակում են, ջրի մեջ են, այդ հարցերը պետք է լուծվեն։ Դրան գումարած, բնակչությանը պետք է սովորեցնել դիմակայել աղետներին։ Մենք երկրաշարժից երկրաշարժ ենք սթափվում, երբ արդեն ուշ է լինում։ Իսկ դա ամենօրյա աշխատանք պետք է լինի, դպրոցներում ուսուցում պետք է լինի»,- հավելեց նա։

  • Կիսվել: