կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Երևանում վթարի է ենթարկվել Toyota-ի վարորդը, ով ինքնազգացողությունը վատացած 6 ամսական տղային տեղափոխելիս է եղել հիվանդանոց

Երևանում վթարի է ենթարկվել Toyota-ի վարորդը, ով ինքնազգացողությունը վատացած 6 ամսական տղային տեղափոխելիս է եղել հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, ապա հայտնվել  Ռուս Ուղղափառ եկեղեցու դիմացի կանաչ գոտում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 ամսական տղա երեխան տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել  ու ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Գևորգ Երիցյանն ու Գոհար Արզումանյանը: 

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան վթարի է ենթարկվել այն բանից հետո, երբ 6 ամսական տղայի ինքնազգացողությունը վատացել է և հարազատները նրան տեղափոխելիս են եղել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վթարի են ենթարկվել: 

  • Կիսվել: