չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Երևանում շինհրապարակում 2 տղամարդ էլեկտրահարվել են և տեղափոխվել հիվանդանոց

Երևանում շինհրապարակում 2 տղամարդ էլեկտրահարվել են և տեղափոխվել հիվանդանոց

Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյուրջյան 14/1 հասցեում հոսանքահարվելու հետևանքով «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ շտապօգնության 52 խումբը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու։

Ինչպես է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածները Երևանի բնակիչ 30-ամյա Արման Գ․-ն է և Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Սամվել Գ․-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, «Հորիզոն-95» կազմակերպության աշխատակիցներ Արման Գ․-ն և Սամվել Գ․-ն «Գյուրջյան Այգիներ» ՍՊԸ-ի կողմից Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկով աշխատանքներ կատարելիս վերևով անցնող էլ. մալուխներից էլեկտրահարվել են:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

  • Կիսվել: