հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց «Արցախի կորսված կոթողները» ցուցահանդեսը

Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց «Արցախի կորսված կոթողները» ցուցահանդեսը

«Արցախի կորսված կոթողները» բացօթյա ցուցահանդեսին մարդիկ կարող են լուսանկարների միջոցով ծանոթանալ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հիսունից ավելի պատմամշակութային արժեք ունեցող կոթողի, որոնք այժմ վտանգված են:

 

Ցուցահանդեսը բացվեց մայիսի 1-ին Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում: Այն նախաձեռնել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:

Կուսակցության խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ իրենց նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը, հիշեցնել այն կոթողների մասին, որոնք կորցրել ենք Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով և վերարժևորել այդ ամենը:

«Լուսանկարներում ներկայացված է 55 մշակութային կոթող: Համագործակցել ենք Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ, որի առաջնորդը տրամադրել է կոթողների ցանկը, իսկ լուսանկարները տրամադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը, որի նախագահը վաղամեռիկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր: Կարապետյանը հուշարձանները լուսանկարել է իր ուսումնասիրությունների ընթացքում»,-ասաց, Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ նախատեսում են լուսանկարների հիման վրա բրոշյուրներ հրատարակել և ներկայացնել ՀՀ-ում տարբեր դեսպանատներ, որպեսզի դեսպանություններն էլ ևս մեկ անգամ տեսնեն, թե ինչ արժեքներ ենք մենք կորցրել: «Սա սպիտակ ցեղասպանություն է»,-եզրափակեց Արթուր Ավետիսյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի նաև մայիսի 2-ին:

 
 
 
 

  • Կիսվել: