շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում սեփական տան թիթեղյա տանիքի վրայով անցնող էլեկտրալարերը և գազախողովակները պատուհաս են դարձել բնակիչների համար․ կա հրդեհի վտանգ

Երևանում սեփական տան թիթեղյա տանիքի վրայով անցնող էլեկտրալարերը և գազախողովակները պատուհաս են դարձել բնակիչների համար․ կա հրդեհի վտանգ

Երևան քաղաքի Շահամիրյաններ փողոցի 10 տան բնակիչները այլևս չգիտեն ում դիմեն, որ իրենց խնդիրը լուծվի և կարողանան տան տանիքը փոխել։ Տասնյակ տարիներ է՝ տան անմիջապես տանիքի վրայով անցնող էլեկտրալարերը իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար։ Մանավանդ անձրևների և քամիների ժամանակ ճոճվում են, կպնում տանիքի թիթեղյա ծածկին, մետաղական կոնստրուկցիային, կարճ միացում է առաջանում և չի բացառվում, որ օրերից մի օր փայտե կառուցատարերով ու թիթեղյա ծածկով ձեղնահարկը կրակի կմատնվի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տան բնակիչներից 72-ամյա Մարիամ Մարտիրոսյանը դիմել է էլ քաղաքապետարան, էլ թաղապետարան, էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» սակայն ապարդյուն։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Մարիամ Մարտիրոսյանը ասաց, որ բացի էլեկտրական լարերից ու անմիջապես տանը կից «դարն ապրած» փայտե էլեկտրասյունից ևս մի խնդիր կա, որը անմիջապես տան տանիքով անցնող գազախողովակն է։ Ասաց, որ իրենց տան ետևում ապրող սեփական տների էլեկտրամատակարարումը, չգիտես ինչու, որոշել են իրենց տան տանիքով անցկացնեն։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ այլևս չգիտեն՝ ում դիմեն, որ վերջապես գան էլեկտրասյունը տեղափոխեն ու գազախողովակի այլ գիծ անցկացնեն և վերջապես իրենք կարողանան տան տանիքը նորոգել, որպեսզի անձրևաջրերը տուն չլցվի ու քայքայի շենքը։

  • Կիսվել: