Երևանում որքան ավելանան մեքենաները, այնքան պետք է ավելանան դրանց նկատմամբ սահմանափակումները. Տիգրան Ավինյան
«Երևան քաղաքում միայն վերջին մեկ տարվա ընթացքում գրանցված ավտոմեքենաների քանակն ավելացել է 11 հազարով: Սրան զուգահեռ ավելացնում ենք ավտոբուսային գծեր, որոնք տալիս են առավելություն հանրային տրանսպորտին, ստեղծում են սահմանափակումներ ավտոմեքենաների համար»,- ասուլիսում անդրադառնալով Երևանում երթևեկության խնդիրներին՝ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այն բոլոր երթևեկության փոփոխությունները, որոնք մենք իրականացրեցինք այս տարվա ընթացքում շատ դժգոհություններ եղան, որոշները՝ օբյեկտիվ, որոշ լուսացույցների ռեժիմներ փոխարինել ենք, սա պրոցես է, որն անընդհատ է: Սեպտեմբերի այս մի քանի օրվա աշխատանքներով երթևեկության խցանումնեւր թիվը մոտավորապես 18 տոկոսով պակաս է նախորդ տարվա սեպտեմբերի հետ համեմատած»,- ասաց քաղաքապետն ու հավելեց, որ Երևանում որքան ավելանան մեքենաները, այնքան պետք է ավելանան դրանց նկատմամբ սահմանափակումները, որովհետև ֆիզիկապես հանրային տրանսպորտը Ա-ից Բ կետ չի կարողանա հասնել:
«Հանրային տրանսպորտում հիմնական ուշացումների պատճառը ոչ թե ավտոբուսների քանակն է փողոցներում, այլ խցանումները: Քաղաքապետարանը պիտի շարունակի ավելացնել ավտոբուսային նոր գծեր, պետք է հանրային տրանսպորտին տա առավելություն ու ամենամեծ հարմարավետութունը պետք է ստեղծենք հետիոտնի համար»,- ընդգծեց նա:


