երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Երևանում լույս է տեսել «Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» վերտառությամբ գրքույկը

Երևանում լույս է տեսել «Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» վերտառությամբ գրքույկը

Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը լույս են ընծայել հոդվածների ժողովածու միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով «Հայաստանը ԵԱՏՄ-ում: Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» ընդհանուր վերնագրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս գիրքը Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների կոլեկտիվ աշխատանքի արդյունքն է: Ներկայացված հոդվածները արդյունք են հետազոտությունների, որոնք ունեն եվրասիական ինտեգրման գործընթացի տնտեսական հարցերի, ինչպես նաև նրա քաղաքական-անվտանգային և մշակութային-քաղաքակրթական ասպեկտների արդիական հնչողություն:

Հրատարակության գլխավոր խմբագիրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:  Ներածության հեղինակը և ժողովածուի կազմողն է «Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Ընթերցողներին ողջույնի խոսքով են դիմել ՀՀ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը, ինչպես նաև ԵԱՏՄ ինստիտուտի (Մոսկվա) տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր, հայտնի ռուսաստանյան քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը:

Ներածության մեջ նշվում է, որ ժողովածուի հեղինակների նպատակն է միասնական եվրասիական մշակութային-քաղաքակրթական տարածքի, նրա ընդհանուր արժեքների զարգացմանը նպաստելը, ինչը պետք է ապահովի ԵԱՏՄ-ի արժանի տեղը ժամանակակից, արագ փոփոխվող անհանգիստ աշխարհում: Հենց այդ պատճառով ընթերցողների ուշադրությանը ներկայացված հրապարակումները նվիրվել են բուռն թափ հավաքող եվրասիական ինտեգրացիոն տարածաշրջանային մեգանախագծի ինչպես տնտեսական, սոցիալական, քաղաքական, այնպես էլ հումանիտար և գաղափարական ասպեկտներին:

Հայ եվրասիացի-փորձագետների այս, մի շարք առումներով հաջողված աշխատանքն, ըստ էության, հանդիսանում է հրավեր հայ գիտահետազոտական և փորձագիտական հանրությանը վերջապես համակարգված հիմքերի վրա դնելու եվրասիական ինտեգրման թեմատիկայի հետազոտությունները:

Գիրքը հասցեագրված է քաղաքական և հասարակական գործիչներին, գիտնականներին և փորձագետներին, լրագրողներին, ասպիրանտներին և ուսանողներին, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակին, ով հետաքրքրված է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացով:     

  • Կիսվել: