Երևանում կոտրել են «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի ապակյա դուռը և սեղանին ամրացված՝ զինվորի համար նախատեսված դրամատուփից գողացել ամբողջ գումարը
Հուլիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Նարինե Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 03։35-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Նանսենի փողոցի 10 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի ապակյա դուռը, մուտք գործել ներս, սեղանին ամրացված զինվորի համար նախատեսված դրամատուփից գողացել է գումարը և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ծառուկյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։