կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն

Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն

Երևանում կներդրվի մունիցիպալ ծառայություն, որին պատվիրակվելու է հասարակական կարգի պահպանության ոլորտում քաղաքապետի լիազորությունների իրականացումը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը:

«Մունիցիպալ ծառայությունը, ըստ էության, իրականացնելու է քաղաքապետի այսօրվա ունեցած լիազորությունները, սակայն լրացուցիչ գործիքակազմի նախատեսման արդյունքում այդ լիազորություններն իրականացվելու են ավելի արդյունավետ, և մեխանիզմներ են ստեղծվելու այդ լիազորություններն ամբողջությամբ իրականացնելու համար, մասնավորապես՝ ապօրինի հողազավթումների, ինքնակամ շինությունների կառուցման բնագավառում»,- ասաց նա:

Կարևոր նոր ներդրվող գործիքակազմ է նաև առանց թույլտվության կամ թույլտվության պայմանների խախտմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտների գործունեությունը դադարեցնելու լիազորությունը:

«Նախատեսվում են նոր լիազորություններ, որոնք հնարավորություն կտան մեզ պայքար իրականացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքում պատկանող հողամասերում ինքնակամ կառույցների կառուցման կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ: Այս պահին առկա հնարավորությունը վարչական տուգանքի նշանակումն է:

Կարևոր բարեփոխում է նաև՝ համայնքային ծառայությանն ընձեռել հնարավորություն մեքենաների կանգնեցման և հատուկ պահպանվող տարածք անհրաժեշտության դեպքում տեղափոխման համար, քանի որ մեքենաներից աղբի նետման կամ շինհրապարակներից մեքենաների՝ աղտոտված վիճակում դուրս գալու դեպքում մենք հնարավորություն չէինք ունենում վարչական իրավախախտման արձանագրություններ կազմել, նաև շատ ժամանակ մեքենաները կայանում են այնպիսի վայրերում, որոնք քաղաքի բնականոն գործունեությունն են խաթարում, մասնավորապես՝ կանգառներում կայանելու դեպքում տրանսպորտի գործունեությունը, հանրային օգտագործման որոշ տարածքներում կայանելու դեպքում աղբահանության իրականացումը և բնականոն այլ գործունեության խաթարում է իրականացվում»,- ասաց իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը:

  • Կիսվել: