Երևանում կինը ոստիկաններին հայտնել է, որ ԴԱՀԿ-ի թվով 10 աշխատակից ծեծի են ենթարկել ամուսնուն
Երեկ՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Իսրայելյան փողոցի բնակիչ՝ 57-ամյա Մարինե Հ-ից, ով հայտնել է որ 2 օր առաջ իրենց շենքի մոտ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները՝ 10 հոգի, հարձակվել են ամուսնու վրա և ծեծի ենթարկել; Վերջինս հայտնել է նաև, որ ծեծից հետո կանչով ժամանել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն ամուսինը հրաժարվել է բուժօգնությունից, իսկ բժիշկը իրեն հայտնել է, որ դեպքի մասին ինքը տեղեկացնլու է տարածքային ոստիկանություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հունիսի 15-ին, ժամը 11։00-ին Իսրայելյան 43 շենքում վտարման գործողություններ կատարելու ժամանակ, ըստ Մարինե Հ-ի հայտարարության, ԴԱՀԿ ծառայողները շքամուտքում՝ բնակարանի առաջ, քաշքշել են վերջինիս ամուսնուն՝ նույն հասցեի բնակիչ, 60-ամյա Արմեն Ե-ին, գցել գետնին, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Արմեն Ե-ին պատճառվել է մարմնական վնասվածքներ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք։ Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ ԴԱՀԿ նշված ծառայողների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



