Երևանում կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա տեղափոխվել է հիվանդանոց
Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։
Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Միկոյան փողոցում ծեծի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 63-ամյա Ռուբեն Մ.-ն 23 համարի ավտոբուսը ցանկացել է կայանել տրանսպորտի համար նախատեսված կանգառում, որի հետևանքով վիճաբանություն է սկսվել մեկ այլ ավտոմեքենայի վարորդի հետ, վերջինն էլ մի քանի անգամ հարվածներ է հասցրել ավտոբուսի վարորդին՝ կոտրելով քիթը։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն և ծեծ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի համայնքային ոստիկանները պարզել են ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած քաղաքացու ինքնությունը, ով Երևանի բնակիչ է և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։



