երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Երևանում հաշվառում չունեցող թոշակառուները և ուսանողները կարո՞ղ են օգտվել տոմսային համակարգի արտոնություններից. փոխքաղաքապետի պարզաբանումը

Երևանում հաշվառում չունեցող թոշակառուները և ուսանողները կարո՞ղ են օգտվել տոմսային համակարգի արտոնություններից. փոխքաղաքապետի պարզաբանումը

Առանձին խմբերի դեպքում կարևո՞ր է, որ քաղաքացին ունենա Երևանի հաշվառում, թե՞ արտոնությունները բոլորին են վերաբերում: Այս հարցին այսօր անդրադարձավ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ընթացքին առնչվող ասուլիսի ժամանակ:

Գրիգորյանը պարզաբանեց՝ միասնական տոմսային համակարգի արտոնություններից օգտվելիս Երևանում հաշվառում ունենալը կախված է խմբից: Օրինակ՝ թոշակառուները պետք է ունենան Երևանի հաշվառում, որպեսզի օգտվեն միասնական տոմսային համակարգի առանձին խմբերի համար նախատեսված արտոնություններից:

«Ուսանողների դեպքում, քանի որ ուսանողին արտոնություն տալու տրամաբանությունը այն է, որ ուսանող ես, դեռ չես աշխատում, այսինքն՝ աշխարհում տարածված է, որ ուսանողներին ինչ-որ չափի զեղչ տրվում է, այստեղ մենք ոչ թե Երևանում հաշվառված լինելու տրամաբանությունն ենք նայում, այլ Երևանի բուհում սովորելու: Այսինքն՝ դուք կարող եք ունենալ հաշվառում Կապանում, Գյումրիում, ոչ Երևանում, ցանկացած այլ տեղ, բայց եթե համապատասխան շտեմարանից ստանում ենք տեղեկատվություն, որ սովորում եք ԵՊՀ-ում, այսինքն՝ Երևանում գտնվող համալսարանում, ձեզ արտոնությունը հասանելի է»,-նշեց նա:

  • Կիսվել: