ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանում կնշվի Մոսկվայի 874-ամյակը

Երևանում կնշվի Մոսկվայի 874-ամյակը

Մոսկվայի 874-ամյակի առթիվ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ կրթական, մշակութային, սոցիալական, սպորտային միջոցառումներ կանցկացվեն ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ասաց, որ տոնակատարությունների մեկնարկը տվել են սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզում՝ Իջևանում և  թիվ 5 դպրոցին գեղարվեստական գրականություն են հանձնել: Նախատեսում են ուսումնական գրականություն նվիրել մարզային այլ կրթօջախների:

«Ինչպես հայտնի է, մենք երեք ռուսական կենտրոն ենք բացել, որոնցից մեկը՝ Երևանում, մյուսը՝ Արմավիրում և մյուսը՝ Վանաձորում: Առաջիկայում կենտրոններ ենք բացելու նաև Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում: Ռուսական կենտրոններում ևս միջոցառումներ են անցկացվելու»,-նշեց Կարապետյանն ու ընդգծեց, որ տոնին նվիրված կարևորագույն իրադարձություններից է սեպտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված համերգը, որի շրջանակում հայ և ռուս սիրված երգիչները կկատարեն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հայտնի երգերը։ «7 երգ Մոսկվայի» մասին համերգը նվագակցելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ:

«Սա խորհրդանշական երեկո է լինելու, քանի որ հենց այս տարի ենք տոնում  Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանը, մարդու, որը յոթ երգ է գրել Մոսկվայի մասին»,-նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի օրվա նշանակալի նախաձեռնություններից է նաև «Հյուսիսափայլ-ռուսական կինոյի օրեր Հայաստանում» ծրագիրը։ Կինոյի օրերը նախատեսվում է դարձնել ամենամսյա։ Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրության ժամանակ Հայաստան կժամանեն հայտնի ռուս կինոգործիչներ։ Ծրագրի նպատակն է   կինոարտադրության ոլորտում ամրապնդել երկու երկրների միջև կապերը և ստեղծել համատեղ աշխատանքային հարթակ։

Առաջինը կցուցադրվի ռեժիսոր Անդրեյ Բոգատիրյովի «Կարմիր ուրվական» ֆիլմը։ Սցենարի համահեղինակներ են՝ Վյաչեսլավ Շիխալեև, Պավել Աբրամենկով, Արմեն Վաթյանը և Անդրեյ Բոգատիրյովը։  Հայաստան կժամանի ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, «Ռոսֆիլմ» կինոընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Վորոնեցկայան։

Տոնի առթիվ Հայաստանի շախմատի ակադեմիայի և Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի գործակցությամբ անցկացվում են  շախմատի մրցաշարեր։  Ամենամյա է դարձել նաև շաշկու մրցաշարերը՝ Հայաստանի շաշկու ֆեդերացիայի հետ։

«Սա արդեն 2 տարին է, որ Մոսկվայի օրվա շրջանակում անցկացնում ենք շախմատային մրցաշար։ Նման միջոցառումները շատ ցանկալի են։ Երկու երկրների շախմատիստները կարող են խաղալ և ճանաչել միմյանց։ Եվ հատկանշական է, որ նման մրցաշարերը էլ ավելի են ամրապնդում մեր երկու երկրների միջև գործընկերային կապերը»,-նշեց Հայաստանի Շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը։

2021-ին առաջին անգամ «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի ծննդյան 874-ամյակին անվանական կրթաթոշակ շնորհեց ուսանող Վիկտորիա Հարությունյանին (մասնագիտացումը՝ ռուսերեն և գրականություն)։ Կրթաթոշակը յուրաքանչյուր տարի Մոսկվայի օրվա կապակցությամբ տրվելու է մեկ լավագույն ուսանողի` ռուսաց լեզվի հանրայնացման համար։

Լրագրողների հետ հանդիպումը հետաքրքիր դարձրեց և ելույթով զարդարեց երիտասարդ տաղանդների «Синяя птица» համառուսական  մրցույթի հաղթող  Յուլիա Մալինովան, որը մասնակցելու է Ռուսաստանի մայրաքաղաքին նվիրված համերգային երեկոյին:

Բոլոր միջոցառումներն անցկացվում Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» պետական ունիտար ձեռնարկության նախաձեռնությամբ և ՀՀ-ում ՌԴ դեսպանության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

  • Կիսվել: