կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Երևանում 28-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երևանում 28-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Ու.-ն, իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երրորդ մասի շուկա»-ի դիմաց՝ ստորգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 66-ամյա Օֆելյա Վ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Շենգավիթ» բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Մինչ նույն վաշտի ավագ պարեկ Արա Ենոքյանն ու պարեկ Արթուր Կարապետյանը դեպքի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային պատահարների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել ստորգետնյա անցման վրա ու եթե հետիոտնը փողոցը անցներ ստորգետնյա անցումով, ապա մահվան ելքով վրաերթը տեղի չէր ունենա: 

  • Կիսվել: