Երևանում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա տապալել լուսակիրն ու փողոցների ցուցանակը. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ հունիսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ստեփանյանը իր վարած Mercedes CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթակվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել Հերացու անվան թիվ համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Ռազմիկ Ասատրյանն ու տեսուչ Միշա Հակոբյանը: Վրաերթի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Ստեփանյանը հետիոտներին վրաերթի ենթարկելուց հետո տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու փողոցների անուններն ազդարարող ցուցանակը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: