շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում 15 համարի տրոլեյբուսի էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և վնասել է ետևից ընթացող Mercedes-ը. բժիշկները պայքարում են վերջինիս վարորդի կյանքի համար

Երևանում 15 համարի տրոլեյբուսի էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և վնասել է ետևից ընթացող Mercedes-ը. բժիշկները պայքարում են վերջինիս վարորդի կյանքի համար

Այսօր՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 19:40-ի սահմաններում, թիվ 15 երթուղին սպասարկող 017 համարի տրոլեյբուսը՝ Սեբաստիա փողոցում ընթանալիս, էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և ընկել է նրա ետևից ընթացող Mercedes E-340 մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձողի ընկնելու հետևանքով Mercedes-ի վարորդը որովայնի հատվածում վնասվածք է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ շտապ սկսել են վիրահատել:   

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Վաղարշակ Սարգսյանն ու Մհեր Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում չառաջացնեն, ինչը պարեկներին հաջողվել է:  

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:  

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Պարեկային ծառայությունը պարզում է տրոլեյբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված՝ Mercedes-ի վարորդի ինքնությունը:   

  • Կիսվել: