Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը
Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը:
«Մենք դատապարտում ենք այս արարքը: Ցավում ենք, որ գուցե հանրային գործունեություն ծավալելու հավակնություն ունեցող մարդիկ են իրենց վարքագծով, ինչպես նաև չի բացառվում, որ նաև ուղղակի կոչերով նպաստել են այս նողկալի արարքի կատարմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա հույս հայտնեց, որ իրավապահները համարժեք գնահատական կտան կատարվածին:
ՀՀ ոստիկանությունը ստուգել է դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները: Արձանն ու պատվանդանը վնասված են: Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու որոշումը Երևան քաղաքի ավագանին կայացրել էր 2020 թվականի ապրիլի 28-ին: