երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երևանն այժմ ունի Խորեն Աբրահամյանի անունը կրող փողոց

Երևանն այժմ ունի Խորեն Աբրահամյանի անունը կրող փողոց

Երեւանի ավագանին այսօր հաստատեց Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկն անվանակոչելու մասին նախագիծը:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մայիսյան փողոցը անվանափոխվեց թատրոնի և կինոյի անվանի դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի անվամբ՝ «Խորեն Աբրահամյան փողոց»։

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 13-րդ փողոցը անվանակոչվեց «Նոր Զմյուռնիա» անվամբ՝ «Նոր Զմյուռնիայի փողոց», իսկ Բագրևանդի փողոցից մինչև Թևոսյան փողոց ձգվող ճանապարհահատվածը անվանակոչվեց հայտնի վիրաբույժ, սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Միքայելյանի անվամբ՝ «Ալեքսանդր Միքայելյան փողոց»։

Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանն արձագանքելով նախագծին՝ ասաց, որ ինքը կողմ է Մայիսյան փողոցը Խորեն Աբրահամյանի անունով անվանակոչելուն, բայց մի մտավախություն ունի.

«Խորեն Աբրահամյանի անունով փողոց պետք է, ինչ խոսք, բայց տեսեք, ես հասկանում եմ, որ Մայիսյան փողոցը ոչ մի կապ չունի մեր մայիսյան հաղթանակների հետ, բայց ակամա մայիսյան բառը մեզ մոտ ասոցացվում է հենց այս իրադարձությունների հետ, ուստի արդյոք ճիշտ է հենց Մայիսյան փողոցը անվանափոխել»:

Գյոզալյանի մտավախությանն  ի պատասխան՝ Վարդանյանն ասաց, որ Երեւան քաղաքում կա Մայիսի 9-ի փողոց, ուստի Մայիսյան փողոցն են վերցրել, քանի որ համարվում է կրկնություն, բայցեւ սիմվոլիկ է, որ գտնվում է Թատերական ինստիտուտի տարածքում:

Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը եզրափակելով քննարկումն ասաց, որ խորհրդանշական է, որ նախագիծը դրվել է քննարկման հենց ապրիլ ամսին, քանի որ ապրիլին է ծնվել Խորեն Աբրահամյանը:

  • Կիսվել: