շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երևանի մետրոպոլիտենի 10 վագոն կանգնած է. ֆինանսավորման շնորհիվ 3-ը մի քանի ամսից գիծ դուրս կգան

Երևանի մետրոպոլիտենի 10 վագոն կանգնած է. ֆինանսավորման շնորհիվ 3-ը մի քանի ամսից գիծ դուրս կգան

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ տեղեկացրեց` Կառավարության կողմից ֆինանսավորման հաստատումը եղավ, սակայն իրենք դեռևս լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունեն: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց` արդյոք կան կանգնած վագոններ, որոնց` գիծ դուրս բերելու դեպքում Մետրոպոլիտենի աշխատանքի ծանրաբեռնվածությունը կթեթևանա, Սեդրակյանը դրական պատասխան տվեց:

«Ունենք կանգնած վագոններ, սպասում ենք` անվազույգերը որ գան, կան վագոններ, որ գիծ պետք է դուրս գան: Ֆինանսավորումը հաստատվեց, բայց մենք էլի հրատապ ծախսեր ունենք: 620 մլն-ով 32 անվազույգ և 4 կմ ռելս ենք ձեռք բերում»,- ասաց նա:

Ավինյանը հետաքրքրվեց` այս ֆինանսավորման շնորհիվ քանի չաշխատող վագոն է սկսում աշխատել և քանիսն է կանգնած: Սեդրակյանը պատասխանեց` կանգնած է մոտ 10 վագոն. ֆինանսավորմամբ կսկսի աշխատել 3-ը:

«Այսինքն` ունենք վագոններ, որ կարողանում ենք վերականգնել ու դնենք գծի վրա»,- ճշտող հարց ուղղեց Ավինյանը:

«3 ամսվա մեջ եթե մատակարարումը լինի, շատ արագ կանենք, մեզ պետք է լինելու 15-20 օր, որ վերականգնենք»,- ասաց Սեդրակյանը` հավելելով, որ կան հրատապություն պահանջող այլ խնդիրներ ևս:

«Մրցույթներ ունենք, հաղթողներ կան` պահեստամասեր են պետք վագոնների, մենակ անվազույգերով հարց չի լուծվում, մոտ 200 մլն դրամի պահեստամասեր պետք է մատակարարվեն, մրցույթը կայացել է հունիս ամսին, էլի Կառավարություն ներկայացրել ենք` 300 քանի միլիոն է պետք և ունենք շարժասանդուղքների հետ կապված 520-530 մլն-ի կարիք»,- ասաց նա:

  • Կիսվել: