ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի

Երևանի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի

Երևանի ավագանին որոշում ընդունեց, համաձայն որի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի, որը նախատեսված կլինի 430 աշակերտի համար: Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանը:

«Նախագծով նախատեսվում է Էրեբունու փողոցի հ. 8 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող 2000 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը հատուկ նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա։ Այդ տարածքում ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» նախատեսվում է 430 աշակերտի համար կառուցել հիմնական դպրոց: Նախատեսվում է, որ դպրոցը կլինի մինչև 3 վերգետնյա հարկերով՝ հնարավոր է նախատեսել շահագործվող տանիք և նկուղային կամ կիսանկուղային հարկերով»,- նշեց Խաչատրյանը:

Հարակից զեկուցող, քաղաքաշինության և օգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լիլիթ Կիրակոսյանը շեշտեց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվեց 37 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներով:

  • Կիսվել: