երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևան քաղաքի Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով կալանավորվել է 25-ամյա երիտասարդ

Երևան քաղաքի Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով կալանավորվել է 25-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ 2023 թվականի օգոստոսի 10-ի ուշ երեկոյան Երևան քաղաքի Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

ՔԿ-ն ավելի տեղեկացրել էր, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել տուժողի և 25-ամյա երիտասարդի միջև, որի «ընթացքում վերջինս դանակով հարվածել է 37-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք»:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

«Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: