շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած 8 քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

Երևան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած 8 քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

Երևան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած 8 քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։

«Հիվանդանոց տեղափոխվելուց հետո տուժածներից 2-ը մահացել էին, մնացած 8 քաղաքացիները անհրաժեշտ բուժումները ստանալուց հետո դուրս են գրվել, նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում»,- հայտնեց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել էր։ Այդ վթարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, 17-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանոնները խախտելու և լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ ճանապարհահատվածի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։

  • Կիսվել: