շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երբ Գրիգորի Խաչատուրովն էր կորպուսի հրամանատարը, որևէ մեկի մտքով չէր անցնի այս տարածքի հետ ինչ-որ բան անել. Բագրատ Սրբազան

Երբ Գրիգորի Խաչատուրովն էր կորպուսի հրամանատարը, որևէ մեկի մտքով չէր անցնի այս տարածքի հետ ինչ-որ բան անել. Բագրատ Սրբազան

Չհաղթելու դեպքում բոլորը կարող են ուրացողներ կոչվել, այդ թվում` ես: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Ոսկեպարում հայտարարեց  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ սահմանազատման գործընթացն ապօրինի է, դեմ է ՀՀ օրենքներին։

Բագրատ Սրբազանի հորդորով Ոսկեպարում ծափողջույններ հղեցին Գրիգոր Խաչատուրովին. «Քիչ առաջ ժողովրդին պատմում էի 2020 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին. հիշում են այն ժամանակները, երբ մեր կորպուսի հրամանատարը մեր լեգենդար երիտասարդ, կարելի է ասել՝ այսօր միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր: Այդ ժամանակ մեր մտքի ծայրով անգամ չէր անցնի որևէ ձևով այս տարածքի հետ ինչ-որ մեկն ինչ-որ բան աներ՝ որևէ մի սանտիմետր, նշույլ հողի հետ: Ես ժողովրդին խնդրեցի բոլորով ծափահարել գեներալին, որ մեզ նաև այդ օրերի ուրախությունն է պարգևել»,-հավաքվածներին դիմեց Բագրատ Սրբազանը:

Բագրատ Սրբազանը դիմեց  տեղում ներկա փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանին՝ ասելով «Ո՞վ է եկեղեցու դռները փակում մեր առջև, ոչ ոք։ Չեմ կարծում, որ որևէ մեկը ցանկություն ունի փակելու։ Ունե՞ք նման ցանկություն»։

Փոխոստիկանապետը նշեց, որ եկեղեցու մուտքը չեն փակել, ընդհանուր տարածքն են փակել, անվտանգությունն են ապահովում:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ժամ է՝ լարված է իրավիճակը Ոսկեպարի եկեղեցու մոտ։ Բնակիչներն այստեղ թույլ չտվեցին ականազերծման աշխատանքներ իրականացնել։

Ոստիկաններն էլ իրենց հերթին պատ են կազմել՝ թույլ չտալով բնակիչներին մոտենալ ո՛չ եկեղեցուն, ո՛չ էլ տարածքն ականազերծել ցանկացողներին։

Ավելի ուշ եկեղեցու ճանապարհը բացվեց, թույլ տվեցին բոլորին մտնել եկեղեցի, սակայն արգելեցին տեսանկարահանել:

  • Կիսվել: