կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՊՀ-ում մրցանակներ հանձնվեցին երիտասարդ գիտնականի լավագույն հոդվածի և լավագույն ուսանողական գիտական աշխատանքի մրցույթների հաղթողներին

ԵՊՀ-ում մրցանակներ հանձնվեցին երիտասարդ գիտնականի լավագույն հոդվածի և լավագույն ուսանողական գիտական աշխատանքի մրցույթների հաղթողներին

2023թ. սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա սկզբի առիթով Պալյանների անվան սրահում տեղի ունեցած հանդիսության շրջանակներում արժեքավոր մրցանակներ հանձնվեցին «Հայ-ռուսական ռազմավարական դաշինք. պատմություն, արդի վիճակը և տեսանելի հեռանկարներ» խորագրով այս տարվա գարնանն անցած երիտասարդ գիտնականի լավագույն հոդվածի և ուսանողական գիտական լավագույն աշխատանքի մրցույթների հաղթողներին և մրցանակակիրներին: Մրցանակները հանձնեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը և ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը: Պարգևատրվածները ստացան շարժական համակարգիչներ, բջջային հեռախոսներ և անլար ականջակալներ: Մրցանակներ ստացան թվով 19 երիտասարդ գիտնականներ և ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից: Այս մրցույթները հայտարարվել էին 2023թ. մարտ ամսին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի և ԵՊՀ-ի հետ համաձայնագրի հիման վրա համագործակցող Մոսկվայի Հաղորդակցություների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կողմից:

Մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի երիտասարդ գիտնականներ:

Մյուս մրցույթին մասնակցել էին ԵՊՀ-ի, Շիրակի պետական համալսարանի, Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ:

Երիտասարդ գիտնականների մրցույթում հաղթած և առաջին մրցանակի արժանացած ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի երիտասարդ դասախոս, համալսարանական գրադարանի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նա հուզված է հաղթողի մրցանակը ստանալու համար և կարծում է, որ սա մի լավ հնարավորություն էր լրացուցիչ խորանալու հայ-ռուսական հարաբերությունների գիտական ուսումնասիրության մեջ: Նա նաև իր ուրախությունը հայտնեց Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կողմից ամռանը հայտարարված երիտասարդ գիտնականի շարժունակության ծրագրի համար մրցույթում հաղթելու կապակցությամբ և ակնկալում է, որ Մոսկվայի ակադեմիական ինստիտուտներում և գիտահետազոտական կենտրոններում 3 շաբաթ ժամկետով ստաժորության ընթացքում կկարողանա լուրջ խորհրդատվություններ ստանալ իր թեկնածուական դիսերտացիան պատշաճ մակարդակով ավարտելու համար:

Ուսանողական մրցույթում հաղթած ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ տարվա ուսանող Գագիկ Եկմալյանն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց իր աշխատանքը բարձր գնահատելու համար և, մասնավորապես, նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների պատմության ու ներկայի լավ իմացությունը շատ պետք կգա ապագա մասնագիտական հաջող գործունեության ընթացքում:

Երկրորդ մրցանակի արժանացած, նույն ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ տարվա ուսանողուհի Մարինե Մարգարյանի կարծիքով, եթե աշխատանքը նախապատրաստելու համար ավելի երկար ժամանակ տրվեր, այն կարող էր ավելի ուժեղ լինել: Նրա կարծիքով, Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի այս նախաձեռնությունը շատ լավ հնարավորություն է ներգրավվելու ԵՊՀ ուսանողական գիտական կյանքում:

Երրորդ մրցանակին արժանացած, այժմ արդեն ԵՊՀ շրջանավարտ Էլիզա Դանիելյանը, մասնավորապես, շեշտեց, որ ստացված գիտելիքները շատ կարևոր են լինելու ապագա աշխատանքում: «Մենք պետք է պատրաստ լինենք մեր երկրի հասարակական քաղաքական կյանքում որևէ պատասխանատու դերակատարության համար ունենալ բավարար և պատշաճ գիտելիքներ»,- ասաց նա:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնն այս ուսումնական տարում ևս հայտարարելու է մրցույթներ լավագույն գիտահետազոտական աշխատանքի համար և դրանք առնչելու է 2024թ. մայիսին նախատեսված արդեն երկրորդ միջազգային գիտաժողովին, որը կանցնի ԵՊՀ-ում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: