ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՊՀ-ում հրդեհի հետևանքով  կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ պարեկային ծառայող

ԵՊՀ-ում հրդեհի հետևանքով կա զոհ և վիրավորներ, այդ թվում՝ պարեկային ծառայող

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատների 6 մարտական հաշվարկ, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի քաղաքացիները չխանգարեն հրշեջների և  օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների աշխատանքը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրից 3 հոգի այրվածքներով շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են հիվանդանոց, ներսում հրշեջները հետախուզական աշխատանքներ են կատարել, հայտնաբերել են 1 դի, պարեկային ծառայության 1 աշխատակից էլ տարհանման աշխատանքներ կատարելիս թունավորվել է ծխից:

Հավելենք, որ ըստ որոշ ԶԼՄ-ների ԵՊՀ-ում պայթյունի պատճառը  անհաջող գիտափորձ է եղել, որի արդյունքում գազի բալոնը պայթել է։

  • Կիսվել: