Որեւէ դեկանի հետ հանդիպում չի եղել. ԵՊՀ պրոռեկտորը հերքեց, թե ճնշումներ են գործադրել ուսանողների վրա
ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր իջավ ու հանդիպեց համալսարանի դիմաց հավաքվածներին՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ: Նա ասաց, թե այն, ինչ երեկ հայտարարվել է իր մասին, զրպարտություն է։
Նա դիմելով Բագրատ Սրբազանին, ասաց, որ վիրավորված է, որ իր մասին նման բաներ է տարածել: Երբ Սրբազանն ասաց, որ ինքն ասել է, որ դրան չի հավատում, Ասրիյանը պատասխանեց. «Էդ դեպքում դուք պետք է չասեիք այն, ինչին չեք հավատում»:
Սրբազանը պարզաբանեց. «Երբ երեկ գիշեր տեղեկությունն ինձ բերել են, ես այն ընթերցել եմ եւ ասել եմ, որ հավաստի տեղեկություն չի սա, բայց ես իրավունք չունեմ չճշտելու: Ասել եմ, եթե սա ճիշտ է, ապա դատապարտելի է եթե սա սխալ է, ես ներողություն եմ խնդրում»:
Պրոռեկտորն ասաց. «Երեկ այն, ինչ ասվել է եկեղեցու բակում, զրպարտություն է: Ես մի քիչ այլ պատկերացում ունեի այն ամենի մասին, ինչ կարելի է մարդու մասին ասել, եւ ով կարող է դա ասել: Բայց բոլորս կարող ենք սխալվել:
Երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ դեկաններ կան, որոնք կարող են դա հաստատել, հետևապես, որևէ նման հայտարարություն չի կարող լինել»,- ասաց նա։
Ասրիյանն ասաց, որ ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է ու այնտեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է։
Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ Ասրիյանը երեկ ժողով է հրավիրել դեկանների հետ և հանձնարարել նրանց անպայման արձանագրել բոլոր ուսանողների բացակաները։
«Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել, և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։
«Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»,- մասնավորապես հայտարարել է Էլինա Ասրիյանը»,-գրել էր «168.am»-ը։


