երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
ԵՊՀ գրադարանի ընթերցասրահը կկրի Շուշիի մարտերում զոհված ուսանող Գևորգ Արշակյանի անունը

ԵՊՀ գրադարանի ընթերցասրահը կկրի Շուշիի մարտերում զոհված ուսանող Գևորգ Արշակյանի անունը

Երևանի պետական համնալսարանի բանասիրական գիտությունների գրականության ընթերցասրահն այսուհետև կկրի Շուշիի մարտերում զոհված ուսանող ավագ-լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունը:

Նման առաջարկ էր ներկայացրել Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:

«Քանի որ Գևորգը մի քանի ֆակուլտետում էր սովորում, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ ընդհանուր քննարկման ժամանակ որոշեցինք, որ գրադադարանի ընթերցասրահը պետք է անվանակոչենք Գևորգ Արշակյանի անվամբ»,- ասաց Ափոյանը՝ հավելելով, որ Գևորգի կերպարը հայ ուսանողի, հայ զավակի օրինակելի կերպար էր, ով ընկերասեր էր, ուսման ծարավ, հայրենիքի նվիրյալ զավակ:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ որոշման կայացման ընթացքում որևէ մեկի կողմից առարկություն չի եղել:

«Շատ դժվար է կարճ կյանքի ընթացքում ձևավորել այնպիսի անուն, այնպիսի հետք, որ նման արձագանքի արժանանաս, այն էլ նման կառույցում, ինչպիսին Երևանի պետական համալսարանն է: 24 տարվա կյանքի ընթացքում ձևավորած այդ անունը որևէ կասկած չթողեց, որ Գևորգը, իրոք, բացառիկ երևույթ է, նույնիսկ, մեր 15 հազարից ավելի ուսանողների շրջանում»,- նշեց Ղազինյանը:

  • Կիսվել: