երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում 6 պոլիկլինիկայի և 32 մանկապարտեզի էներգիայի սպառումը կնվազի

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում 6 պոլիկլինիկայի և 32 մանկապարտեզի էներգիայի սպառումը կնվազի

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 17-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

Այս ֆինանսական պայմանագրի արժեքը 25 մլն եվրո է, որն իրականացվելու է Հայաստանի համար ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի 5-րդ՝ «Ներդրումներ Երևանում. խելացի և կանաչ Երևան» ուղենիշի ներքո:

Ծրագրի համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարևանության ներդրումային հարթակից: Ծրագիրը հանդիսանում է ԵՆԲ ֆինանսավորմամբ ներկայում իրականացվող ծրագրի շարունակությունը:

Ծրագրի նպատակն է՝ նվազեցնել Երևան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը և աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների և մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են`

էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցում,

սեյսմիկ անվտանգության բարելավում,

այցելուների հարմարավետության ու կյանքի որակի բարելավում,

ածխաթթու գազի (CO2) արտանետումների կրճատում,

վերանորոգվող շենքերի շահագործման ժամկետի երկարաձգում:

  • Կիսվել: