կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Բանգլադեշի դեսպանի հետ քննարկել է լոգիստիկ ոլորտում գործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Բանգլադեշի դեսպանի հետ քննարկել է լոգիստիկ ոլորտում գործակցության հնարավորությունները

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը դեկտեմբերի 4-ին ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում անցկացվող «Եվրասիական էքսպո-2023» ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարում հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրիի հետ (նստավայրը՝ Թեհրան)։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
 
Հանդիպման ընթացքում կարևորվել է հայ-բանգլադեշյան տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելը։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թվականի սկզբին Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետություն Նարեկ Տերյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության այցի վերաբերյալ՝ երկկողմ համագործակցության շրջանակում գործնական քայլերը տեղում քննարկելու նպատակով։
 
Հայկական տաղավարում կայացել է նաև Նարեկ Տերյանի հանդիպումը «Թավ Ֆրեյթ» (Tav Freight) իրանական խոշորագույն ծովային բեռնափոխադրող ընկերության տնօրեն Մեհդի Էլյասիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են լոգիստիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները։
 

  • Կիսվել: