Եկել եմ ստանալու «Մխիթար Գոշ»՝ Արցախի Հանրապետության կողմից. Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ գնացել է Արցախ՝ ստանալու ՛՛Մխիթար Գոշ՛՛ մեդալը:
Այդ պարգևը, սակայն, չստացա, քանի որ ինքս հրաժարվեցի կոնկրետ հասցեով գնալ և ստանալ այն... Իրականում հիմա էլ եմ համարում, որ եթե մարդն արժանի է պարգևի, ուղարկեք այն իր տուն: Ինչպես հետո շատ ընկերներ, բարեկամներ ու հարազատներ պնդել են, միգուցե ես սխալ եմ եղել։ Ընդունում եմ։
Այսօր այդ սխալը չեմ անում։ Եկել եմ ստանալու «Մխիթար Գոշ»՝ Արցախի Հանրապետության կողմից։ Շնորհակալ եմ պարգևատրմանն ինձ ներկայացրած իմ գործընկերներին՝ հատկապես Արթուր Թովմասյանին ու Դավիթ Մելքումյանին, և, անշուշտ, Արցախի իշխանություններին։ Իրականում այս հողը շատ ու շատ ավելի արժանիքներով մարդ է տվել, քան ես եմ։ Նրանցից շատերին թերագնահատել ենք, սակայն ապագայում կվերագնահատենք, վստահ եմ։ Կյանքն արդարության իր դասերն է մեզ տալիս, բայց հուսամ, որ արդարությունը միշտ հաղթելու է։
Իսկ այսօր պարզապես ասեմ՝ պատիվ ունեմ շարունակելու հայրիկիս ու պապիկիս գործը, բոլոր մեր նախնիների, ովքեր 1918 թվականից ի վեր պահպանել են հայկական այս հայրենիքի մեր մասնիկը, 1988 թվականի շարժման նախաձեռնողների, 1991-1994 թվականներին հայրենիքի համար զենքը ձեռքին կռվողների, այդ ընթացքում և մինչ օրս բոլոր մեր անմահացած հայրենակիցների, Արցախի Հանրապետության 1991 թվականից ի վեր բոլոր քաղաքական, ռազմական և տնտեսական ղեկավարների և, իհարկե, այսօր այս հողում ապրողների, այն պաշտպանողների ու շենացողների գործը։
Ծառայում եմ Արցախի Հանրապետությանը։ Ծառայում եմ Հայաստանին։
Աստված պահապան մեր ազգին ու Հայրենիքին։
Պատիվ ունեմ»։



