Էբոլայի, Մարբուրգի և հանտավիրուսի իրավիճակը աշխարհում վերահսկելի է. ՀՎԿԱԿ
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) ներկայացրել է էբոլայի, Մարբուրգի և հանտավիրուսի վերաբերյալ միջազգային համաճարակաբանական իրավիճակը՝ 2026 թվականի հուլիսի 3-ի ժամը 09:00-ի դրությամբ։
ՀՎԿԱԿ-ի տվյալներով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հունիսի 30-ի դրությամբ գրանցվել է էբոլայի 1406 հաստատված դեպք և 438 հաստատված մահ։ Ուգանդայում հուլիսի 2-ի դրությամբ արձանագրվել է 20 հաստատված դեպք, 2 մահվան դեպք, ինչպես նաև 1 հավանական դեպք և 1 հավանական մահ։ Ֆրանսիայում հունիսի 24-ի դրությամբ գրանցվել է Էբոլայի 1 հաստատված դեպք։
Հուլիսի 2-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Բունդիբուգյո էբոլայի դեմ առաջին բուժման կլինիկական փորձարկման մեկնարկի մասին։ Միաժամանակ, ԱՀԿ-ն արտակարգ օգտագործման ցանկում ներառել է Բունդիբուգյո էբոլայի առաջին մոլեկուլային ախտորոշիչ թեստը, որը հնարավորություն կտա արագացնել դեպքերի լաբորատոր հաստատումը և բարձրացնել համաճարակային հսկողության արդյունավետությունը։ ԱՀԿ-ի գնահատմամբ՝ հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը ներկայումս ցածր է։
Մարբուրգի վիրուսի մասով Ուգանդայում արձանագրվել է մեկ մեկուսացված դեպք։ Ըստ Աֆրիկայի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի՝ դեպքը չի վերածվել բռնկման, կոնտակտավորների շրջանում նոր ախտանշաններ չեն հայտնաբերվել, և ակտիվ բռնկում ներկայումս չի արձանագրվում։
Եթովպիայում Մարբուրգի բռնկումը պաշտոնապես ավարտված է։ Վերջին դեպքից հետո 42 օր շարունակ նոր դեպքեր չեն արձանագրվել։ Ընդհանուր առմամբ գրանցվել էր 19 դեպք, որոնցից 14-ը՝ հաստատված, 5-ը՝ հավանական։ ԱՀԿ-ն նաև այս հիվանդության լայնածավալ միջազգային տարածման ռիսկը գնահատում է որպես ցածր։
Հանտավիրուսի մասով ԱՀԿ-ն հուլիսի 2-ին պաշտոնապես հայտարարել է, որ MV Hondius զբոսանավի հետ կապված Անդես հանտավիրուսի բռնկումն ավարտվել է։ Վերջին կոնտակտավոր անձն ավարտել է կարանտինը, ստացել բացասական լաբորատոր արդյունք և վերադարձել տուն։ Մայիսի 25-ից ի վեր հանտավիրուսային վարակի նոր դեպքեր չեն գրանցվել։
ՀՎԿԱԿ-ը հայտնում է, որ շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և իրականացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ժամանակավոր առաջարկություններից բխող անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները։


