կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դրոնները պահանջարկ ունեն քրեակատարողական հիմնարկներում. «Առավոտ»

Դրոնները պահանջարկ ունեն քրեակատարողական հիմնարկներում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Լիստ.ամ-ում վերջին շրջանում գերակշիռ մաս են կազմում «կգնեմ դրոն» կամ «վաճառում եմ դրոն» հայտարարությունները: Մատչելի է ոչ միայն դրոնը, այլ անգամ՝ առաքումը: Առաջարկվում է դրոն, օրինակ. «Շատ ամուր է, դիմանում է տարբեր տեսակի հարվածներին: Չափսեր` 39x29x8 սմ: Վահանակ՝ 2,4 Հ: Լիցքավորվող: Թռիչքի ժամանակը 12-17 րոպե: Կառավարման հեռավորությունը` 150-200 մ, արագությունը 2 մակարդակ: Երևանում առաքումը 1000 դրամ, մարզերում` Հայփոստի միջոցով»: Տեսանկարահանման համար նախատեսված ծալովի մինի դրոնների արժեքը սկսվում է 21 000 դրամից: Նույն հայտարությունների ցանկում փնտրվում են և վաճառվում «Ուղղաթիռ դրոն հեռակառավարմամբ իր պայուսակով, տեսախցիկով», որն արժե ընդամենը 35 հազար դրամ»:

 

Էլ E88 Drone, էլ Dji Dron, հազարումի հեռակառավարվող սարքեր են պահանջվում ամենուր: Դրոնագիտությանս պրպտումների արդյունքում տեղեկացա, բացի այն, որ ռազմական նպատակներով օգտագործվող հետախուզական սարք է, լրագրողների, վավերագրողների համար անփոխարինելի տեսանկարահանող սարք է, երեխաների համար նախընտրելի խաղալիք է, այն ունի նաև «առաքիչ» առաքելություն:

 

Ըստ հայկական Վիքիպեդիայի, ԱԹՍների կոմերցիոն առաջին փորձերը, որոնք իրականացվել են Tacocopter ընկերության կողմից՝ սննդամթերք առաքելու նպատակով, արգելափակվել են Ավիացիայի դաշնային վարչության կարգավորումներով: 2015 թվականի դրությամբ ԱԹՍ-ներով տուփերի առաքումն ԱՄՆ-ում արգելված է. «ԱԹՍ-ները կարող են դեղորայք և պատվաստանյութ տեղափոխել, ինչպես նաև հեռավոր և անմատչելի տարածաշրջաններում բժշկական նշուշներ ստանալ: Ընդ որում, բժշկական դրոնները կարող են շտապ դեֆիբրիլյատորներ տեղ հասցնել վճռորոշ ժամանակահատվածում՝ սրտի կանգնումից անմիջապես րոպեներ անց, ինչպես նաև հնարավորություն ունեն հոսքերի փոխանակում (livestream communication) կատարել, ինչը թույլ է տալիս պարամեդիկներին հեռահար կերպով հետազոտել և կողմնորոշել տեղում գտնվողներին դեֆիբրիլյատորների օգտագործման եղանակի վերաբերյալ»:

 

Այս տարվա մայիսին Կոտայքի մարզի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց «դռոնի գործով» քրեական վարույթ: «Սևան» քրեակատարողական հիմնարկում, մայիսի 17-ին՝ ժամը 21:25-ի սահմաններում, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակցից ահազանգ էր ստացվել, որ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով փորձ է կատարվել հնարավոր ներնետում հիմնարկի տարածք: Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքի վրայից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ՝ մետաղյա կախիչով: Փաթեթում առկա են եղել լիրիկա տեսակի 50 դեղապատիճ, 23,9 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, 6,7 գրամ թափանցիկ և 5,7 գրամ դեղնավուն բյուրեղանման զանգվածներ, 8,3 գրամ քաշով սև կպչուն զանգված, ինչպես նաև 2 ներարկիչ՝ յուրաքանչյուրում՝ 4,5մգ սուր հոտով անգույն հեղուկ, 3 բջջային հեռախոս, USB լար և դատարկ, ապակյա ծխամորճ:

Նկատենք, որ ներնետման դեպք փետրվարին նույնպես գրանցվել էր, դարձյալ «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Փետրվարի 13-ին մթանը, հիմնարկի բաղնիքի «ձնածածկույթին» հայտնաբերվել էր փաթեթ: Իսկ «Սևանում» ներնետման «շնորհանդեսը» սկսվեց հունվարի 4-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, երբ հիմնարկի դիտաշտարակներից երկուսի միջնամասում հայտնաբերվեց ներնետված փաթեթ, որում առկա էին «շագանակագույն և բյուրեղանման կասկածելի զանգվածներ, 4 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ և USB լար։

Ռուզան Մինասյան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: