Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2024 թվականին 4 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով:
Մրցույթի շրջանակում կարող են հաղթող ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ: Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 105 մլն 288 հազար ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ), որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է հատկացվել առավելագույնը 26 մլն 322 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ):
Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել համայնքապատկան կամ կազմակերպության սեփական տարածք:
Երիտասարդական կենտրոնում պետք է իրականացվի արհեստավարժ երիտասարդական աշխատանք՝ ուղղված աշխատանքից և ֆորմալ կրթությունից դուրս երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդների մասնակցության ապահովմանը և որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը:
Երիտասարդական կենտրոնը պետք է ապահովի համայնքում բնակվող բոլոր երիտասարդների՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող, կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հասանելիությունը:
Հաղթող ճանաչված մասնակցի/մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված հաջորդող հինգ տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրում/ծրագրերում յուրաքանչյուր տարվա կտրվածքով ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի յուրաքանչյուր ծրագրում առնվազն 200 երիտասարդ։
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման չափանիշներին.
առնվազն 3 տարվա երիտասարդական կենտրոնի կառավարման փորձառություն (սոցիալական ձեռնարկատիրական մոդելով երիտասարդական աշխատանքի կազմակերպման փորձառության առկայությունը կդիտվի առավելություն),
ծրագրի աշխատակազմի փորձառություն (ծրագրի աշխատակազմը պետք է ունենա երիտասարդական աշխատանքի 3 տարվա փորձառություն),
սոցիալական ձեռնարկատիրական մոդելի առկայություն,
կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ տարածք:
Նշված որակավորման չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր:
Հաշվի առնելով երիտասարդական ներուժի բացահայտմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ մարզերում տարբեր ենթակառուցվածքների առկայությունը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության տարածքային համաչափ զարգացման քաղաքականությունը՝ մրցույթի շրջանակում չեն ընդգրկվի այն մարզային համայնքները, որտեղ առկա են պետական բյուջետային միջոցներով ստեղծված երիտասարդական ենթակառուցվածքներ:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps.am համակարգի միջոցով մինչև 2024 թվականի մարտի 25-ը՝ ժամը 14:00-ն։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։