երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Դպրոցներում անչափահասների մասնակցությամբ մտահոգիչ դեպքերի թիվը 1 տարում կրկնապատկվել է

Դպրոցներում անչափահասների մասնակցությամբ մտահոգիչ դեպքերի թիվը 1 տարում կրկնապատկվել է

2025 թվականին Հայաստանի ուսումնական հաստատություններում անչափահասների մասնակցությամբ արձանագրվել է մտահոգիչ 91 դեպք*, որոնց թիվը 2024 թվականի համամատ ավելի քան կրկնակի աճել է (2024 թ․-ին մտահոգիչ դեպքերը եղել են 43)։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։
 
Նրա խոսքով` չնայած անչափահասների մասնակցությամբ առողջությանը միջին և ծանր վնասվածք պատճառելու դեպքերի քանակը 2025 թվականին 2024 թվականի համեմատ չի աճել (եղել է 24-ական), սակայն մտահոգիչ դեպքերը, որոնց չի տրվել քրեաիրավական գնահատական, աճի միտում ունեն։
 
Նշենք, որ օրեր առաջ Լոռու մարզի Ջրաշենի դպրոցի տարածքում 13–ամյա Ալիկ Հ.-ին ծեծի էին ենթարկել 3 համադասարանցիները։ Երեխան այտոսկրի կոտրվածքով, ծանր վիճակում տեղափոխվել էր Երևան։ Դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել էր իրականությունը։ Ամեն նման դեպքից հետո տպավորություն է ստեղծվում, թե անչափահասների մասնակցությամբ հանցագործություններից հետո աղմուկն անցնում է, բայց նմանատիպ երևույթների կանխարգելմանն ուղղված աշխատանքները օգուտ չեն տալիս կամ քիչ արդյունավետ են։
Խաչատրյանի խոսքով` անչափահասների շրջանում հանցագործությունների պայքարի դեմ մեկ հստակ բանաձև կամ մեթոդ գոյություն չունի։ Նրանց հանցագործություններից զերծ պահելու գործընթացում ոստիկանությունը համագործակցում է տարբեր կողմերի` այդ թվում երեխաների ծնողների, ուսումնական հաստատությունների մանկավարժների, սոցիալական ծառայությունների, համայնքի հետ։ Եվ միայն շահագրգիռ կողմերի արդյունավետ աշխատանքի արդյունքում կարելի է հասնել ցանկալի արդյունքի։
 
«Որպես կանոն, անչափահասների մասնակցությամբ նման դեպքերը լայն արձագանք են ստանում ինչպես սոցիալական հարթակներում, այնպես էլ մեդիա տիրույթում։ Շատ հաճախ այդ արձագանքները ստեղծում են տպավորություն, որ նման դեպքերն ունեն աճի տենդենց, սակայն եթե դիտարկենք հանրապետությունում առկա դպրոցների քանակը, դրանցում սովորող աշակերտների թիվը և ուսումնական հաստատությունում արձանագրված դեպքերի քանակը, կարող ենք եզրակացնել, որ սա համակարգային բնույթ չի կրում, այլ լոկալ, հանկարծակի սկսված վեճեր են, որոնք ակնթարթային վերածում են ծեծկռտուքների, որոնք էլ ավարտվում են մարմնական վնասվածքներով»,–ասաց Խաչատրյանը։
Նա շեշտեց, որ ոստիկանությունը փոխել է իր գործելաոճը և երբ նման կոնֆլիկտային իրավիճակները ստանում են հստակ արձագանք, հետագայում հնարավոր է լինում խուսափել ծանր հետևանքներից։ Ուստի շատ կարևոր է, որ անչափահասի նկատմամբ որևէ բռնություն, անգամ դրա կասկածի դեպքում, յուրաքանչյուր ոք ահազանգի ոստիկանություն։
Խոսելով դպրոցների հետ համագործակցությունից Խաչատրյանը նշեց, որ համայնքային ոստիկանության համար սահմանել են գործառույթ՝ շաբաթական առնվազն 1 անգամ շրջայց կատարել ուսումնական հաստատություններ` անչափահասների, հարկ եղած դեպքում նրանց ծնողների և մանկավարժների հետ հանդիպումներ, զրույցներ անցկացնելու համար։
«Մենք ուզում ենք, որ կանխարգելիչ գործընթացը լինի ոչ թե պարտականության ձևով, այլ առողջ համագործակցության, այսինքն՝ մանկավարժը, ուսուցիչը որևէ իրավական նորմի պարտավորվածության ներքո չհամագործակցի, այլ իր նախաձեռնությամբ, որպեսզի կանխի իր կրթօջախում հետագա հնարավոր բացասական հետևանքները»,–ասաց Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ կառավարության 2023 թվականի 893 N որոշմամբ հստակ սահմանվել են որոշակի դեպքեր, երբ համայնքային ոստիկանը իրավասու է որոշակի խմբի անչափահասների վերցնելու կանխարգելիչ հաշվառման և նրանց հետ իրականացնելու կանխարգելիչ աշխատանքներ, ընդ որում այդ աշխատանքներին կարող են ներգրավվել տարածքային համայնքային կառույցներ, սոցիալական ծառայություններ։
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:
 

  • Կիսվել: