Դիտարկում ենք մի շարք քայլեր՝ հնարավորության դեպքում աջակցելու բուհերին և ուսանողներին. նախարար
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարոսւթյունյանն ասաց, որ որոշ բուհեր վարձավճարների քիչ լինելու պատճառով ֆինանսական խնդիրներ ունեն և Կառավարությունը դիտարկում է նրանց աջակցելու հարցը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ ասաց, որ որոշ բուհերում առկա են դասախոսներին աշխատավարձերը չվճարելու հետ կապված խնդիրներ։ Նա նշեց. «Պարոն նախարար, Դուք կոչով էիք հանդես եկել՝ ուղղված բուհերին, ուսման վճարները հետաձգելու առումով։ Ձեր կոչից հասկանալի չէր՝ ինչպե՞ս են վճարվելու դասախոսները։ Տեղեկություններ ունեմ, որ որոշ բուհերում արդեն իսկ առկա են ռիսկեր ապրիլ և մայիս ամիսներին դասախոսների ոչ լիարժեք աշխատավարձը վճարելու հետ կապված» ։
Ի պատասխան՝ Հարությունյանն ասաց, որ հարցն այսօր քննարկվել է վարչապետի մոտ, մի շարք նախաձեռնություններ են եղել, բայց հստակ հաշվարկներ լինելուց հետո միայն նախարարությունը ծրագրերով հանդես կգա։
Նախարարը, մասնավորապես, նշեց. «Բուհերը դրական էին արձագանքել իմ կոչին, բայց միաժամանակ նաև կոչ էի արել, որ բոլոր այն ուսանողները, ովքեր ունեն հնարավորություն, վճարները կատարեն։ Ցավոք սրտի, այս պահին ունենք խնդիրներ վճարների առումով, բուհեր կան, որտեղ վճարումները առաջին կիսամյակի հետ կապված 20-25 տոկոս են, մինչև 40 տոկոս են, բայց դրանք բավարար չեն։ Մենք հիմա դիտարկում ենք մի շարք քայլեր՝ հնարավորության դեպքում աջակցելու բուհերին, նաև ուսանողներին»:



