երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազարից ավելի արձանագրություն․ Պարետ

Դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազարից ավելի արձանագրություն․ Պարետ

Հայաստանում մինչև օրս դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն, սակայն տնտեսավարողների՝ սանիտարահամաճարակային կանոնների պահպանման առումով վարքագիծը զգալիորեն բարելավվել է: Այդ մասին Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Պարետի խոսքով, հանրային կարգապահությունը դեռևս բավարար չէ վարակի տարածման դինամիկան նվազեցնելու համար, ինչի մասին են վկայում նաև ոստիկանների կողմից արձանագրված խախտումները:

«Մինչև օրս դիմակ չդնելու և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81 հազար 84 արձանագրություն, որից 22 հազար 485-ը՝ տրանսպորտային միջոցներում, 56 հազար 817-ը՝ հանրային վայրերում դիմակ չդնելու դեպքերի առնչությամբ: Կազմված արձանագրությունների հիման վրա իրականացած վարչական վարույթների արդյունքում 23 հազար 392 դեպքով կազմվել է համապատասխան որոշում»,-ասաց Ավինյանը:

Պարետի խոսքով, համավարակի կառավարման շրջանակներում առանձին ուղղություններով իրականացվող աշխատանքների արդյունքների մոնիտորինգը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում դեռևս չկա արդյունավետության այն ցանկալի մակարդակը, ինչը հնարավորություն կտար վարակի տարածումը շեշտակի նվազեցնելու:

«Միայն նոր դեպքերի գրեթե զրոյացմամբ կարող ենք դիտարկել լիարժեք բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը, ինչը նշանակում է գործող սահմանափակումների աստիճանական վերացման սցենարի գործարկում՝ թվերի նվազման հետ զուգահեռ»,-նշեց նա:

  • Կիսվել: