երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Դեբեդ գետում որպես անհետ որոնվող «BMW»-ի ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել

Դեբեդ գետում որպես անհետ որոնվող «BMW»-ի ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել

Այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի, Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատների 20-ից ավելի հրշեջ-փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց միացած «Լոռէ» փրկարարների արձագանքման ուժերի մեծ թվով ծառայողներ շարունակել են Դեբեդ գետում որոնողական աշխատանքները՝ մայիսի 2-ից գետում որոնվող Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի գլխավորությամբ։

Մթության պատճառով ժամը 20:00-ին դադարեցվել են որոնողական աշխատանքները և այն կվերսկսեն վաղը՝ մայիսի 6-ին՝ առավոտյան ժամը 08:00-ից։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Լոռե» փրկարարների արձագանքման ուժերի կողմից օգտագործվում են նաև հատուկ դրոններ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցեկ Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվե, որ Ախթալա բնակավայրի վարչական տարածքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում: 
 
Մինչ դեպքի վայր կժամանեին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, 1 հոգի կարողացել էր դուրս գալ ավտոմեքենայից, իսկ 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կամ մնացել էր ավտոմեքենայում, կամ դուրս էր ընկել մեքենայից և հատնվել Դեբեդ գետում: 
 
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մազի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ: 

Հրշեջ-փրկարարները գետի երկայնքով իրականացնում էին որոնողական աշխատանքներ՝ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանը: 
 
Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին ավտոմեքենայի համարանիշը, սեփականատիրոջ ինքնությունը, վարորդի և գետում որոնվող քաղաքացու ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկվածը Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Էդգար Ս.-ն է, իսկ որոնվողը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն: Էդգար Ս.-ն տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:  

  • Կիսվել: