հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 40-ամյա հայրը 5-ամյա և 8-ամյա երեխաներին 9-րդ հարկից ցած է նետել, ապա իրեն է ցած նետել

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 40-ամյա հայրը 5-ամյա և 8-ամյա երեխաներին 9-րդ հարկից ցած է նետել, ապա իրեն է ցած նետել

Այսօր՝ մայիսի 5-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 և 91 շենքերի արանքում դիեր կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, օպերգծով տեղակալ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական ծառայության խումբը՝ հոգեբան Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության փորձաքրագիտական վարչության փորձաքրեագետները։

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 91 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի և 5-ամյա աղջնակի դիերը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Հայրը երեխաների հետ բնակվում էր 92 շենքի 9-րդ հարկում, և մեզ հասած տեղեկություններով՝ հայրը երեխաներին գցել է պատուհանից, իսկ հետո իրեն է նետել, նման դաժան դեպք, երևի, Հայաստանի պատմության մեջ չէր եղել, չգիտենք, շոկի մեջ ենք»:

Այս պահին դեպքի վայրում աշխատում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հարևանները նշում էին նաև, որ երբեք վատ բաներ չեն տեսել, բնութագրում էին դրական, և որ նա ամուսնալուծված էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ամուսինը 1 օր առաջ զանգահարել է ամուսնալուծված կնոջը՝ ասելով, թե երեխաներին կարոտել եմ, խնդրել է կնոջը՝ երեխաների հետ գա իր տուն, ու արդեն, երբ օրը ուշ է եղել, նա կնոջն ասել է, թե՝ էս ժամին չեք կարող գնալ, մնացեք, առավոտյան կգնաք, ու առավոտյան տեղի է ունեցել դաժան ողբերգությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին նաև, որ հայրը նախկին զինվորական էր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: