կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղա երեխայի դի

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղա երեխայի դի

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության  Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտաի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի  հրամանատարի  տեղակալ  Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ: Նույն գումարտակի  3-րդ վաշտի պարեկներ Ալիկ Հովհաննիսյանն ու Վարազդատ Աթանայանը սահմանազատել են տարածքը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի  աշխատակիցները:

Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝  անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի ու հիմա  փրկարարները ճոպաններ են բերում, որպեսզի կարողանան պատգարակով դին մոտեցնել դի տեղափոխող ավտոմեքենային: Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

  • Կիսվել: